Jaguar Land Rover-ը գրեթե 5 հազար աշխատատեղ կկրճատի Մեծ Բրիտանիայում. BBC
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Jaguar Land Rover ընկերությունը Մեծ Բրիտանիայի ձեռնարկություններում գրեթե 5 հազար աշխատատեղ կկրճատի ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո վաճառքների անկման եւ մրցունակության հետ կապված անհանգստության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան:
Կրճատումները կվերաբերեն վարչական աշխատակազմին ու մարկետինգի ծառայությանը եւ 2,5 մլրդ ֆունտ ստեռլինգի չափով (ավելի քան 3 մլրդ դոլար) ծախսերի նվազման պլանի մաս են կազմում: Այսօրինակ միջոցառումները պայմանավորված են ամենից առաջ ընկերության խոշորագույն շուկայում՝ Չինաստանում, ավտոմեքենաների վաճառքների նվազմամբ: Վերջին մի քանի ամսվա ընթացքում Jaguar Land Rover ավտոմեքենաների իրացումն այնտեղ ընկել Է 50 տոկոսով, ինչի կապակցությամբ Չինաստանում սրվել են հարաբերությունները դիլերական ցանցի աշխատակիցների հետ:
Նախանցյալ տարի Սոլիհալում եւ Հեյլվուդում ընկերության ձեռնարկություններում կրճատվել Է 1180 աշխատատեղ: 2018 թվականի վերջին Քասլ Բրոմվիչի գործարանում 1000 աշխատակիցներ փոխադրվել են կրճատված եռօրյա աշխատանքային շաբաթի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: