ՄԻՊ-ը համաներման մասին օրենքի որոշ դրույթներ խնդրահարույց է համարում. պաշտպանը դիմել է ՍԴ
2 րոպեի ընթերցում
![ՄԻՊ-ը համաներման մասին օրենքի որոշ դրույթներ խնդրահարույց է համարում. պաշտպանը դիմել է ՍԴ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/959979.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանը համաներման մասին օրենքի որոշ դրույթների վիճարկման հարցով դիմել է Սահմանադրական դատարան:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Ըստ ՄԻՊ-ի` իրենց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համաներման մասին օրենքում բացակայում են կարգավորումներ, որոնք հստակ կամրագրեն համաներման ակտի կիրառման հիմքերը կատարման համար պատասխանատու դատական մարմնի իրավասությունն այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է վերադաս ատյան, սակայն վերջինիս կողմից դեռևս չի որոշվել վարույթ ընդունելու հարցը: Արդյունքում թե Վերաքննիչ և թե Վճռաբեկ դատարանները հնարավորություն չեն ունենում կիրառել համաներում և անձին ազատել պատժից:
«Ստացվում է, որ վերջնական դատական ակտի բացակայության պայմաններում և նույն հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձը մի դեպքում կարող է ամբողջությամբ ազատվել պատժից, իսկ մեկ այլ դեպքում՝ նշանակված պատժաչափը համաներման արդյունքում կրճատվել:
Ըստ այդմ, Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ արձանագրելով, որ նշվածն առաջացնում է օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի խախտում, ինչպես նաև հակասում է Սահմանադրության՝ որոշակիության, հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար օրենքներով անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու, հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիության, ինչպես նաև հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությամբ ամրագրված դրույթները մեկնաբանելիս ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմանադրական սկզբունքներին: Դիմումում նշված հետևություններն ամրապնդված են միջազգային չափանիշների վերլուծությամբ»,- նշված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ: