«Երևանյան բեսթսելեր». «Թքած ունենալու նուրբ արվեստը» վերադարձել է առաջին հորիզոնական. փաստավավերագրական. նոյեմբեր, 2018

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալներն՝ ըստ նոյեմբերի վաճառքների:

Առաջին հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Երկրորդ հորիզոնականում է Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն»-ը: «Հեղափոխություն» գիրքը հրատարակվել է 2016 թվականին։ Նույն թվականին Ֆրանսիայում դարձել է բեսթսելլեր՝ վաճառվելով ավելի քան երկու հարյուր հազար օրինակ։ Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը «Հեղափոխություն» գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում։ Նա ներկայացնում է փոփոխվող նոր աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։ Այդ հսկայական փոփոխությունների հնարավորության մասին Վերածննդից հետո ոչ ոք չէր մտածել։

Լուկա Կայոլիի «Ռոնալդու» գիրքը երրորդ հորիզոնականում է: ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուի կարգավիճակը, որպես ֆուտբոլային գերաստղ, անվիճելի է։ Հաջողության հասնելու և կատարելագործվելու անհագ ծարավը նրան հասցրել է մարզական աշխարհի բարձրակետին: Նա այնտեղ է արդեն մեկ տասնամյակ։ Մադրիդում բնակվող լրագրող Լուկա Կայոլին համաշխարհային գերաստղի պատմությունը ներկայացնում է նրան շատ լավ ճանաչող մարդկանց՝ մարզիչների, թիմակիցների, ընկերուհիների և անձամբ իր միջոցով։

Չորրորդ հորիզոնականում է Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» գիրքը: Այն ներկայացնում է Ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ և սակավաճանաչ հսկաներից մեկի՝ ամեն ինչ ինքնուրույն ձեռք բերած միլիարդատիրոջ՝ ցնցոտիներից մինչև հարուստ կյանքի հասնելու պատմությունը: Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար և գործարար աշխարհի հսկաներից, որը վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը, դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը և գործարքների անզուգական հանճարը: Թեև նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որևէ շենքի վրա, 2015 թվականին, երբ նա մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը:

Հինգերորդ հորիզոնականում է Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարար»-ը: Այս գիրքը Ջասթին Տրյուդոն գրել է 2014 թ․, Կանադայի վարչապետ ընտրվելուց մեկ տարի առաջ և Լիբերալ կուսակցության առաջնորդ ընտրվելուց հետո։ Ներկայացված են նրա մանկության հուշերը, մուտքը քաղաքականություն, առաջին ընտրարշավն ու կուսակցության նախագահ դառնալը։ Ջասթինն ամբողջ կյանքն անցկացրել է հանրային ուշադրության կենտրոնում։ Լինելով Կանադայի ամենահայտնի վարչապետներից մեկի՝ Պիեռ Տրյուդոյի ավագ որդին, ապրել է բոլորի աչքի առաջ, բայց առաջին անգամ է անկեղծորեն պատմում իր կյանքի մանրամասները, որոնք միշտ մնացել են փակ դռների հետևում։

Վեցերորդ հորիզոնականում է Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքն է: Ամերիկացի հեղինակի աշխարհահռչակ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:

Յոթերորդ հորիզոնականում Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունն է: Այն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է, պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Ութերորդ տեղում է Աիդա Ազնավուրի «Ափարիկս» գիրքը: Արևմտահայ ընտանիքներում զավակներն «ափարիկ» կոչում էին կրտսեր եղբայրներին: Այդպես է Աիդա Ազնավուր-Կառվարենցը կոչել Շառլին ու այնքան է սիրել, որ ամբողջ կյանքում նախանձախնդրությամբ հավաքել, պահպանել է նրա երգերի ձայնագրությունները, լուսանկարները, նամակները, ընտանեկան տարբեր մանրուքներ, որոնք ժամանակի ընթացքում մասունք են դարձել: Ապա, հենվելով այդ ամենի ու իր բացառիկ հիշողության վրա, գրի է առել հայ ժողովրդին համաշխարհային փառք, համբավ բերած իրենց գերդաստանի պատմությունը, որն անտարբեր չի կարող թողնել ոչ մի ընթերցողի:

Իններորդ տեղում է «37 խորհուրդ ուսանողներին» գիրքը: Գիրքը կօգնի հասկանալ, թե ինչ է հիշողությունը, կենտրոնացումը, կամքի ուժը, վերարտադրությունը, ոչ ստանդարտ մտածողությունը ( որը նաև անվանում են ստեղծագործ մտածողություն ) ու մի շարք այլ մտավոր կարևոր հմտությունները։ Ներառված են աշխարհի լավագույն հոգեբանների, նեյրոկենսաբանների, պրոֆեսորների և դասախոսների խորհուրդներն այն մասին, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ և արագ սովորել նոր ինֆորմացիան, ինչպես զարգացնել թվարկված հմտությունները և դառնալ արդյունավետ ուսանող։

Տասներորդ հորիզոնականն է զբաղեցնում Հրաչյա Մանուկյանի «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Գիրքը մեր սովորությունները հասկանալու և ղեկավարելու մասին է: Ընթերցողը կբացահայտի, թե որքան հաճախ ենք մենք դառնում սովորությունների զոհը` նույնիսկ առանց գիտակցելու: Գրքում հեղինակը ներկայացնում է իր անձնական փորձը, պատմում, թե ինչպես է սեփական անձի վրա աշխատելը փոխում մարդու աշխարհընկալումը, ունակությունները, օգնում ազատվել վնասակար սովորություններից և ձեռք բերել օգտակար սովորություններ: Գրքում ընթերցողը կառնչվի ամենատարածված սովորությունների հետ` ծխելուց մինչև սթրեսներ, ալկոհոլ օգտագործելուց մինչև օրնիբուն քրտնաջան աշխատանք, կպարզի, թե ինչպես են դրանք ձևավորվում, և ամենակարևորը` ինչպես պետք է դրանք ղեկավարել:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +7 Մարկ Մենսոն «Թքած ունենալու նուրբ արվեստը» Newmag 338
2 -1 Էմանուել Մակրոն «Հեղափոխություն» Newmag 161
3 -1 Լուկա Կայոլի «Ռոնալդու» Newmag 103
4 -1 Ուիլյամ Չ. Ռեմփել «Խաղացողը» ,Էդիթ Պրինտ 94
5 +1 Ջասթին Տրյուդո «Ընդհանուր հայտարար» Newmag 62
6 +4 Նապոլեոն Հիլ «Մտածի՛ր և հարստացի՛ր» Զանգակ 40
7 * Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» Էդիթ Պրինտ 30
8 -4 Աիդա Ազնավուր «Ափարիկս» ՎՄՎ-Պրինտ 29
9 Նոր «37 խորհուրդ ուսանողներին» Էդիթ Պրինտ 28
10 * Հրաչյա Մանուկյան «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» հեղ.հրատ 28
Հայերեն

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում. ՆԳՆ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր

«Պատկերային լուծումները Սուրենյանցի կտավներում». Մոսկվայում ներկայացվել են հայ անվանի արվեստագետի ստեղծագործական յուրահատկությունները

Մերձավանում կրակոցներ են հնչել․ կա մեկ զոհ և մեկ վիրավոր

Պատգամավորն առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը

Զելենսկին հայտարարել է, որ մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 45 100 զինծառայողի