Գարեգին Բաղրամյանը և ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահը քննարկել են Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի հնգամյա ծրագիրը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դեկտեմբերի 19-ին հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահի օգնական Ջեկ Հիլլերը և այլ ներկայացուցիչներ:

Քննարկվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում մեկնարկող Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի հնգամյա ծրագիրը (Market Liberalization and Electricity Trade Program - MLET):

Ողջունելով հյուրերին՝ նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի էներգետիկայի բնագավառում իրականացվող ռազմավարական ծրագրերին: Այդ համատեքստում կարևորել է Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագիրը, որով նախատեսվում է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացում, նոր մեխանիզմների և ինստիտուտների ներդրում, միջպետական առևտրի հետ կապված հարցերի կարգավորում, օրենսդրական դաշտի բարեփոխում:

«Ծրագրի շրջանակում նախատեսված է նաև խորհրդատվություն՝ ուղղված ենթաօրենսդրական դաշտի փոփոխությանը: Այսինքն՝ կմշակվեն կարգեր, կանոններ, լիցենզիաներ և պայմանագրեր, որոնք կնպաստեն նոր շուկայական մոդելի իրագործմանը: Եվ այստեղ կարևոր է միջազգային փորձի ճիշտ կիրառումը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Գարեգին Բաղրամյանը կարևորել է նաև մատակարարների, սպառողների և արտադրողների ընդհանուր շղթայում պատասխանատվության մեխանիզմների ներդրումը, որը նույնպես նոր գործիք է Հայաստանի էներգահամակարգում:

«Արդյունքում, համոզված եմ, ունենալու ենք նաև փոխշահավետ համագործակցություն միջպետական առևտրի տեսանկյունից, մասնավորապես, Վրաստանի հետ: Մի քանի տարի հետո մենք կկարողանանք փոխշահավետ առևտուր իրականացնել ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման տեսանկյունից, ավելացնել մեր փոխադարձ առևտրի ծավալները»,- ասել է Գարեգին Բաղրամյանը:

Նախարարի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ նախարարության և ԱՄՆ ՄԶԳ փոխշահավետ համագործակցության շնորհիվ հաջողությամբ կիրականացվեն նախատեսված բարեփոխումները:

Բրոք Բիրմանն իր հերթին, գոհունակություն է հայտնել նախարարության հետ համատեղ աշխատանքից՝ կարևորելով էներգետիկ անկախությունը ցանկացած երկրի համար:

«Այս 8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը կօգնի Հայաստանին էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման, էներգետիկ շուկայի ազատականացման հարցերում և կնպաստի նրա էներգետիկ անկախությանը: Նպատակը հստակ է. Հայաստանի էներգետիկ ոլորտը գրավիչ դարձնել ներդրողների համար` մեծացնելով ոլորտի թափանցիկությունը, հաշվետվողականությունը և մրցունակությունը: Միասին աշխատելով` մենք կարող ենք օգնել Հայաստանին հարևան Վրաստանի և Եվրամիության հետ տնտեսական կապերի ամրապնդման հարցում»,- ասել է Բրոք Բիրմանը:

MLET ծրագրի շրջանակում օժանդակություն կցուցաբերվի Հայաստանի կառավարությանը՝ էներգետիկ ռազմավարության վերանայման և էներգետիկ բնագավառի զարգացման երկարաժամկետ ծրագրի մշակման հարցում:

Հայերեն English

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/10/26

Ասիական ինդեքսներ - 22/10/26

Անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու մասին, գաղտնի են. Դատախազությունը պարզաբանում է

Ֆրանսիայում գրանցվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը

Բուլղարիայում մեկնարկել է Պլովդիվի գիտության փառատոնը. BTA

Կենսաչափական նոր համակարգի ներդրումը ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում ամենածավալուն ռեֆորմն է․ Նելլի Դավթյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը 2026 թվականին կտրուկ աճել է

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով