Մշակույթ

Լիլիթ Մակունցը շնորհավորել է «Արմենպրես»-ի հիմնադրման 100-ամյակը

3 րոպեի ընթերցում

Լիլիթ Մակունցը շնորհավորել է «Արմենպրես»-ի հիմնադրման 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 18ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին լրատվական գործակալությունը, որն աշխատանքային փառավոր ուղի է անցել՝ անդրադառնալով ժամանակի հրատապ խնդիրներին, հավաստի լուսաբանելով երկրում և դրա սահմաններից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունները, դեկտեմբերի 18-ին տոնում է 100-ամյակը:

Այդ կապակցությամբ գործակալությանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

«Հարգելի՛ պարոն Անանյան, «Արմենպրես» լրատվական գործակալության սիրելի անձնակազմ, ջերմորեն շնորհավորում եմ գործակալության հիմնադրման100-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում շարունակական ձեռքբերումներ և նորանոր նվաճումներ հայաստանյան և միջազգային լրատվական դաշտում:

Նորագույն տեխնոլոգիաների այս ժամանակներում գործակալությունը քայլում է ժամանակին համընթաց՝ ապահովելով անաչառ, համակողմանի, գրագետ և բազմալեզու լրատվություն: Իր մեկդարյա պատմության ընթացքում «Արմենպրեսը» հրաշալի հարթակ է հանդիսացել հայ մշակույթի տարածման և հանրահռչակման կարևոր գործում:

Հայաստանը քաղաքակրթության օրրան է, և հայ ժողովրդի մշակութային ժառանգությունն աշխարհին ճանաչելի դարձնելու, սերունդներին փոխանցելու բարձր առաքելությունը դուք պատվով եք կատարում:

Կրկին շնորհավորում եմ, մաղթում բեղուն գործունեություն և ավետող լուրեր»:

«Արմենպրես»-ը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայումս «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, լուսանկարչական նորություններ:

«Արմենպրեսի» թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով:

Գործակալությունն ակտիվորեն լուսաբանել, հանրահռչակել և միջազգային առաջատար լրատվամիջոցներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները, հակահարված տվել ադրբեջանական քարոզչությանը, եղել և մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, թուրքական մերժողականության բացահայտման առաջատար դիրքերում։

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում