ՔԿՀ-ներում կապիտալ վերանորոգում իրականացնելու համար հատկացվել է 270 մլն դրամ
2 րոպեի ընթերցում
![ՔԿՀ-ներում կապիտալ վերանորոգում իրականացնելու համար հատկացվել է 270 մլն դրամ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/12/958407.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ քրեակատարողական հիմնարկներում կապիտալ վերանորոգման նպատակներով պետական բյուջեից միջոցներ են հատկացվել: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Արդարադատության նախարարության 2018 թվականի մայիս-նոյեմբեր ամիսների աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Շուրջ 270 միլիոն դրամ է հատկացվել, որպեսզի կապիտալ վերանորոգում իրականացվի կոյուղու և մի շարք այլ հանգույցներում, մասնավորապես` «Նուբարաշեն», «Վարդաշեն» «Սևան» քրեակատարողական հիմնարկներում: Ասեմ ավելին, այս մրցույթները արդեն անցկացվել են և շուրջ 100 միլիոն դրամ այդ 270 միլիոն դրամից խնայվել է և կվերադարձվի պետական բյուջե»,- ասաց Զեյնալյանը:
Նրա խոսքով` Երևանի երեք և Վանաձորի, Գորիսի բժշկական հաստատություններում նախատեսվում է հիմնել բաժանմունքներ,որտեղ կկարողանան իրենց բուժումը ստանալ դատապարտյալ և ազատազրկված անձինք:
«Դա հնարավորություն կընձեռի ավելի փոքր ռեսուրսների ծախսմամբ կարողանալ ավելի շատ դատապարտյալների ապահովել բարձրակարգ մասնագիտական բժշկական ծառայություններով և սպասարկմամբ»,- եզրափակեց Զեյնալյանը: