ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն՝ ցավակցություն հայտնելու ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշի մահվան առնչությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում:
Նախագահը մասնավորապես գրել է.«Աշխարհը կորցրեց մեծ առաջնորդի: Մեզ հետ կմնան մեծ ու ջերմ հիշողությունները հիանալի մարդու, մեծ ամերիկացու ու իմաստուն քաղաքական գործչի մասին, ով աշխարհը դարձրեց ավելի լավը՝ վերացնելով արգելքներն ու պատերը և կառուցելով վստահություն: Ես երբեք չեմ մոռանա մեր հանդիպումները»: