Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանն էստոնացի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցությանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Զոհրաբ Մնացականյանն էստոնացի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ նախարարական համաժողովի աշխատանքներին մասնակցող արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր էստոնացի գործընկերոջ՝ Սվեն Միկսերի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ ընդգծելով երկկողմ օրակարգն առավել հարստացնելու և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու երկկողմ պատրաստակամությունը: Այս առումով զրուցակիցները որպես գերակա ուղղություններ առանձնացրեցին բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտները և կարևորեցին տվյալ ուղղություններում փորձի փոխանակման հարթակների ձևավորումն ու համապատասխան ծրագրերի նախաձեռնումը:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ԱԳ նախարարի պատոնակատարը ներկայացրեց կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա բարեփոխումների իրականացման ուղղությամբ գրանցած շոշափելի ձեռքբերումները և դրական տեղաշարժերը՝ այս գործընթացում որպես կարևոր հանգրված ընդգծելով արդար և միջազգային չափանիշներն համապատասխան ընտրությունների անցկացումը:

Կողմերի ուշադրության կենտրոնում էին միջազգային հարթակներում և միջխորհրդարանական ձևաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները։

Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանը։ Զրուցակիցները համակարծիք էին, որ Արևելյան գործընկերությանը 10-ամյա հոբելյանը լավ հանգրվան է գնահատելու այս ձևաչափով արձանագրված ձեռքբերումները և նախանշելու առկա փոխգործակցությունը նոր բովանդակությամբ լրացնելու հեռանկարները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում