Հասարակական

Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

2 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը հանդիպել  է  ՀՀ-ում Չինաստանի դեսպանի  հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը գոհունակությամբ նշել է Երևանի և Չինաստանի քաղաքների միջև արդյունավետ համագործակցության փաստը: Քաղաքապետը նշել է, որ փոխգործակցության հուշագրեր են կնքվել Երևանի և Պեկինի, ինչպես նաև՝ Չինաստանի խոշորագույն քաղաքներից՝ Ցինդաոյի միջև: Հայաստանում և, մասնավորապես, Երևանում Չինաստանի կառավարությունը տեխնիկական աջակցության մի շարք ծրագրեր է իրականացրել՝ անհատույց տրամադրելով քաղաքային ավտոբուսներ, շտապօգնության մեքենաներ և այլ տեխնիկա: Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ նաև դեսպանության աշխատանքի շնորհիվ Չինաստանի կառավարությունը կշարունակի ծրագրերը տարբեր ոլորտներում, ինչպես նաև կխրախուսի չինական բիզնեսի ներկայացուցիչներին՝ ներդրումներ կատարել Երևանում:

Շնորհավորելով Հայկ Մարությանին և իր թիմին մայրաքաղաքի կառավարումը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Տյան Էրլունը համոզմունք է հայտնել, որ այս փոփոխությունը կնպաստի Երևանի զարգացմանը: Դեսպանը տեղեկացրել է, որ Երևանում Չինաստանի նոր դեսպանատան կառուցման աշխատանքները մոտ ապագայում ավարտին կհասցվեն, և շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանությանը՝ այս հարցում աջակցության համար: Կողմերը պայմանավորվել են շարունակական ջանքեր ներդնել՝ խորացնելու մայրաքաղաք Երևանի և չինական քաղաքների միջև համագործակցությունը:
Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում