Առերևույթ ընտրական հանցագործության մասին տվյալներ պարունակող 15 ահազանգեր ստուգվում են, 6 դեպքով նախապատրաստվում են նյութեր
2 րոպեի ընթերցում

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դրանցից 19-ը եղել են ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում առանձնացված ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ առերևույթ տեղեկություններ պարունակող հրապարակումներ, 1-ական՝ հաղորդումներ, որոնք ստացվել են ԿԸՀ-ից, պատգամավորության թեկնածուից և ընտրություններին մասնակցող կուսակցությունից, իսկ 3-ը եղել են քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն ներկայացված հաղորդումներ:
Նշվածներից 15-ը, որոնք պարունակել են ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն, որոնցով իրականացվում են ստուգողական գործողություններ:
6 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր:
Մնացած 4 ահազանգերի ուսումանսիրությամբ դրանցում բացակայել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների հատկանիշները:
ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել և գործում է աշխատանքային խումբ՝ ՀՀ գլխավոր դատախազի ղեկավարությամբ: