Տնտեսական աճի մակարդակով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում առաջինն է. ԵՏՀ վիճակագրություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ԵԱՏՄ անդամ երկրներում համախառն ներքին արդյունքն աճել է 1.9 տոկոսով։ Ընդ որում՝ ԵԱՏՄ երկրների շարքում ՀՆԱ-ի աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հայաստանում՝ 8.3 տոկոս 2018թ-ի առաջին կիսամյակի ընթացքում:

Արդյունաբերական արտադրանքի ծավալները ԵԱՏՄ-ում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 3.3 տոկոսով։ Արդյունաբերության ընդհանուր կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցել է վերամշակող արդյունաբերությունը՝ 62.7 տոկոս և հանքարդյունաբերությունը՝ 27.9 տոկոս։ ԵԱՏՄ երկների շարքում վերամշակող արդյունաբերության ծավալների գծով ամենամեծ աճն արձանագրվել է Հայաստանում՝ 9.6 տոկոս, չնայած այն հանգամանքին, որ հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է անկում՝ 12.7 տոկոսով։

Ղազախստանում, Ղըրղզստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալները աճել են համապատասխանաբար 2 և 4 տոկոսներով։ Սակայն գյուղատնտեսության ոլորտն անկում է գրանցվել Հայաստանում՝ 4.6, Բելառուսում՝ 2.3, Ռուսաստանում՝ 3.3 տոկոսով։ Այսպիսով, ԵԱՏՄ անդամ երկրների ընդհանուր գյուղատնտեսական արտադրանքի անկումը կազմել է 2.4 տոկոս։ Հատկանշական է, որ ընդհանուր գյուղատնտեսական արտադրանքում ՀՀ մասնաբաժինն ավելացել է 0.2 տոկոսով՝ կազմելով 1.6 տոկոս։

2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամսիներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ԵԱՏՄ երկրներում շինարարության ծավալները չեն փոփոխվել, թեպետ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում, բացառությամբ Ռուսաստանի (անկումը՝ 0.7 տոկոս) գրանցվել է աճ. Հայաստանում՝ 19.2 տոկոս, Ղըրղզստանում՝ 7, Բելառուսում և Ղազախստանում՝ 4.4 տոկոս։

ԵԱՏՄ անդամ երկրների ընդհանուր բեռնաշրջանառությունն աճել է 3.2, ուղևորաշրջանառությունը՝ 5.3 տոկոսով։ Ի տարբերություն ԵԱՏՄ անդամ մնացած երկրների՝ ՀՀ-ում ուղևորաշրջանառության անկում է նկատվել 5 տոկոսով, ինչը պայմանավորված է ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով փոխադրումների ծավալների կրճատմամբ՝ նախորդ տարվա համեմատ 10.2 տոկոսով նվազմամբ։ Իսկ բեռնաշրջանառության աճին նպաստել են հիմնականում երկաթուղային, ավտոմոբիլային փոխադրումները։

ԵԱՏՄ-ում մանրածախ առևտուրը աճել է 3.1 տոկոսոով, մասնավորապես ամենաբարձր աճը գրանցվել է Բելառուսում՝ 9.1 տոկոս, ապա Ղազախստանում՝ 7 տոկոս։ Հայաստանում 2018թ.-ի 3-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մանրածախ առևտուրն աճել է 1.6 տոկոսով։

ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրում արտահանման ծավալներն աճել են 13.5 տոկոսով, արտաքինը՝ 22 տոկոսով։ 2018 թվականի հունվար-օգոստոսին Ռուսաստանի մասնաբաժինը արտաքին առևտրում կազմել է 84,1 տոկոս, Ղազախստանինը՝ 9,8, Բելառուսինը՝ 4,8, Ղըրղզստանինը՝ 0,6 տոկոս։ ՀՀ մասնաբաժինն արտաքին առևտրում 0.7 տոկոս է։ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 10.2 տոկոսով, ներմուծմանը՝ 37.4։ Հատկանշական է, որ արտաքին առևտրի արտահանման կառուցվածքում Հայաստանում, Բելառուսում և Ղըրղզստանում բարձր աճ է գրանցել տեքստիլ արտադրանքը, որի ծավալներն աճել են համապատասխանաբար 23.4, 25.6 և 39.3 տոկոսներով։

Փոխադարձ առևտրի արտահանման կառուցվածքում ՀՀ տեսակարար կշիռը 1.1 տոկոս է։ Պետք է նկատել, որ արտահանման ծավալների աճով ՀՀ-ն առաջինն է՝ 33.1 տոկոս, որին նպաստել են մեքենաների, սարքավորումների, տրանսպորտային միջոցների և տեքստիլ արտադրանքի արտահանման ծավալների աճը։ Վերջինս ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ երկրների շարքում. աճել է շուրջ 2 անգամ՝ կազմելով 109.9 մլն ԱՄՆ դոլար։

Տաթևիկ Առուստամյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում