Հասարակական

Հայկ Մարությանն ընդունել է ամերիկյան «Նեյշնըլ ինսթրումենթս» ընկերության նախագահ Ջեյմս Թրուշարդին

2 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանն ընդունել է ամերիկյան «Նեյշնըլ ինսթրումենթս» ընկերության նախագահ Ջեյմս Թրուշարդին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ամերիկյան «Նեյշնըլ ինսթրումենթս» ընկերության նախագահ Ջեյմս Թրուշարդին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ բարձր է գնահատում «Նեյշնըլ ինսթրումենթս» ընկերության դերն ամբողջ աշխարհում, մասնավորապես Հայաստանում ունեցած մեծ ավանդը՝ ինժեներական տեխնոլոգիաների զարգացման գործում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է «Երևան՝ խելացի քաղաք» հանձնաժողովը՝ հայեցակարգի և ռազմավարության մշակման, քաղաքում «սմարթ» լուծումների ներդրման և կատարվող աշխատանքները համակարգելու նպատակով: Քաղաքապետը մասնավորապես կարևորել է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը քաղաքի առջև ծառացած հիմնական խնդիրների՝ տրանսպորտի և աղբահանության համակարգերի բարեփոխման հարցում:

«Խելացի քաղաքի գաղափարի հիմքում շարժման կառավարումն է՝ սկսած էլեկտրոնային չվացուցակների ներդրումից, կանգառների կահավորումից, լուսացույցերից, կայանատեղիների կառավարման կենտրոններից և այլն», - ասել է Հայկ Մարությանը՝ ակնկալելով ընկերության աջակցությունը և ակտիվ համագործակցությունը «սմարթ» հայեցակարգի մշակման և հետագա ծրագրերի իրականացման հարցում:

Ջեյմս Թրուշարդն իր հերթին ժամանակակից քաղաքի զարգացման հարցում կարևորել է նորարար տեխնոլոգիաների կիրառումը:

«Նեյշնըլ ինսթրումենթս» ամերիկյան ընկերությունը վիրտուալ սարքավորումների տեխնոլոգիաների և ավտոմատացված թեստավորման համակարգերի համար ծրագրային ապահովման մշակման և պատրաստման ոլորտում համաշխարհային առաջատարներից է:

Ջեյմս Թրուշարդը Հայաստանում է գտնվում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրումների համար ՀՀ պետական մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում