Մշակույթ

Եվրոպական ֆիլմերի փառատոնը մեկնարկեց բրիտանական «Քոլեթ» ֆիլմի ցուցադրությամբ

2 րոպեի ընթերցում

Եվրոպական ֆիլմերի փառատոնը մեկնարկեց բրիտանական «Քոլեթ» ֆիլմի ցուցադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 17-ին կայացավ եվրոպական ֆիլմերի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փառատոնի շրջանակներում ներկայացվելու են եվրոպական 11 երկիր ներկայացնող նոր ֆիլմեր: Ցուցադրությունները կազմակերպվելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում և Դիլիջանում:

Լրագրողների հետ զրույցում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ այս փառատոնի նպատակն է հայ հանդիսատեսին ցույց տալ նոր արտադրության և գեղագիտական նշանակություն ունեցող եվրոպական ֆիլմեր:

«Հայաստանը Սերգեյ Փարաջանովի երկիրն է, մի երկիր, որն աշխարհում և եվրոպական երկրներում ունեցել է իր հսկայական և արժեքավոր ներդրումը կինեմատոգրաֆում: Տեսնում ենք, որ հայ հանդիսատեսը դիտում է տարբեր արտադրության ֆիլմեր` հոլիվուդյան, բոլիվուդյան, «Մոսֆիլմ»-ի արտադրության ֆիլմեր և մտածեցինք, ինչո՞ւ հայ հասարակությանը ցույց չտալ նաև եվրոպական արտադրության ֆիլմեր: Հավատում ենք, որ այս փառատոնի միջոցով կկարողանանք ամրապնդել կամուրջը հայաստանյան հասարակության և ընդլայնված եվրոպական հասարակության միջև»,- ընդգծեց Սվիտալսկին:

Սվիտալսկու հավաստմամբ` Հայաստանի կինեմատոգրաֆի դպրոցը ավելի մոտ է եվրոպական դպրոցին:

Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի խոսքով` փառատոնին ընտրված ֆիլմերը ցույց կտան, թե որտեղ է գտնվում և կանգնած եվրոպական կինեմատոգրաֆն այսօր:

Փառատոնը մեկնարկեց բրիտանական «Քոլեթ» ֆիլմի ցուցադրությամբ:

Փառատոնը կազմակերպվում է Մշակութային ժառանգության եվրոպական տարում` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՅՈՒՆԻՔ Հայաստան կլաստերի կողմից: Փառատոնի իրականացնող գործընկերն է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում