Տնտեսություն

ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության աշխատանքին և կողմ կքվեարկի հաջորդ տարվա բյուջեի նախագծին

2 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության աշխատանքին և կողմ կքվեարկի հաջորդ տարվա բյուջեի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՀԿ խմբակցությունը, թեև ունեցած որոշ վերապահումներին, կողմ է քվեարկելու հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծին` կառավարության աշխատանքը չխոչընդոտելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանն ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մենք մեր որդեգրած քաղաքականությանը դեմ չենք գնալու և չենք խոչընդոտելու կառավարության աշխատանքին: Մենք կողմ ենք քվեարկելու այս բյուջեին, թույլ ենք տալու, որ մարդիկ հետագայում շարունակեն աշխատանքը»,-հայտնեց Բաղդասարյանը:

Նա նշեց, որ համաձայն չէ այն տեսակետին, թե բյուջեի նախագիծն իներցիոն է: «Եթե պետք է լիներ իներցիոն, ոչ թե հեղափոխական, ապա ինչ իմաստ ուներ ընտրությունների շուտափույթ կազմակերպումը: Եթե այս բյուջեն պետք է լիներ նախորդ կառավարության վերջին եռամսյա ծրագրի շարունակությունը, ուրեմն ներկայիս խորհրդարանն ավելի օգտակար կլիներ դա իրականացնելու համար»,-նշեց Բաղդասարյանը:

Նրա կարծիքով` առաջարկվող բյուջեի նախագծով ներկայիս կառավարության վարած քաղաքականությունը նախորդ կառավարության վարած քաղաքականությունից մեծապես չի տարբերվում: «Հաջորդ տարվա բյուջեի հիմնավորման մեջ դիտարկում է ներկայացվել, որ երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման համար ֆինանսական ռեսուրսները հատկացվելու են կապիտալ ծախսերին` մասնավորապես ենթակառուցվածքների զարգացմանը, ոչ թե ընթացիկ ծախսերի իրականացմանը: Սա ճիշտ մոտեցում է, սակայն հարկաբյուջետային քաղաքականության իրականացման այս մոտեցումը որդեգրվել էր դեռ մեր իշխանության ժամանակ»,-նշեց խմբակցության ղեկավարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում