Հայկ Մարությանն ընդունել է Արգենտինայի դեսպանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուռիոլաբեիտիային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Հայկ Մարությանին քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Ուռիոլաբեիտիան հույս է հայտնել, որ հատկապես մշակույթի և տնտեսության ոլորտում հայ-արգենտինական հարաբերությունների զարգացումը շարունակական կլինի նաև մայրաքաղաքների մակարդակում: Որպես ջերմ հարաբերությունների գրավական՝ դեսպանը շեշտել է ակտիվ հայ համայնքի ներկայությունը Արգենտինայում: Գոնզալո Ուռիոլաբեիտիան նշել է, որ մայրաքաղաք Բուենոս-Այրեսում և Արգենտինայի այլ բնակավայերում ավելի քան 40 հուշարձան կա, որոնք առնչվում են Հայաստանին և հայ ժողովրդին: Այս համատեքստում նա կարևորել է դեռևս անցած տարի Երևանի ավագանու ընդունած որոշումով կառուցապատվող Արգենտինայի հրապարակը՝ որպես երկրների հարաբերությունների մակարդակի արտացոլում:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ քաղաքապետ Հայկ Մարությանը գոհունակությամբ նշել է, որ Երևանում Արգենտինայի և արգենտինացիների նկատմամբ շատ դրական վերաբերմունք կա, իսկ արգենտինյան որոշ ապրանքներ, մասնավորապես գինիները բավական լավ պահանջարկ ունեն երևանյան սպառողների շրջանում: Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Արգենտինայի հրապարակի պատշաճ կառուցապատմանը:

Հանդիպմանը ներկա Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նկատել է, որ հրապարակի կառուցապատմանը կարելի է ներգրավել նաև արգենտինացի մասնագետների, մասնավորապես երիտասարդ ճարտարապետների՝ դրանով նաև նպաստելով այդ ոլորտում երկու երկրների շփումների խորացմանը:

Գոնզալո Ուռիոլաբեիտիան քաղաքապետ Հայկ Մարությանին հրավիրել է ներկա լինել Հայաստանում արգենտինյան ֆիլմերի փառատոնին:

Երևանը և Բուենոս Այրեսը քույր քաղաքներ են հռչակվել 2000թ.: Ի նշան երկու ժողովուրդների բարեկամության՝ 1997թ. «Արգենտինյան Հանրապետություն» հ.76 հիմնական դպրոցի բակում տեղադրվել է Արգենտինայի ազգային հերոս Խոսե դե Սան-Մարտինի կիսանդրին:

2012թ. Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին (2015թ. դեկտեմբերից՝ Արգենտինայի Հանրապետության նախագահ) պաշտոնական այցով ժամանել էր Երևան՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը Երևանին հանձնելու նպատակով:

2017թ. հունիսին Երևանի ավագանու որոշմամբ Սայաթ-Նովայի և Չարենցի փողոցների հատման մասում ձևավորված հատվածը վերանվանվել է Արգենտինայի հրապարակ:

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն