Հասարակական

ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ

1 րոպեի ընթերցում

ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիս-Որոտան (Կուբաթլի)ավտոճանապարհի 39 կմ հատվածում ՊՆ բեռնատարի շրջվելու արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 11-ը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում բուժկենտրոնի փոխտնօրեն Լևոն Հայրապետյանն ասաց, որ վիրավոր զինծառայողները հիմա հետազոտման փուլ են անցնում: «Նրանք հիմնականում ստացել են կոտրվածքներ, հոդախախտեր, արտաքին վնասվածքներ: Նրանց վիճակն, ընդհանուր առմամբ, գնահատվում է միջին ծանրության: Ծայրահեղ ծանր դեպքեր այս պահին չկան»,-նշեց նա:

Վիրավորների մի մասը տեղափոխվել է Սիսիանի հոսպիտալ:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մեքենայում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում:

«21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է»,- գրել է նա:

Արծրուն Հովհաննիսյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում