Հասարակական

Քաղաքապետարանը լինելու է ներդրողների գործընկերն ու աջակիցը. Հայկ Մարությանը հանդիպել է կառուցապատող գործարարների հետ

3 րոպեի ընթերցում

Քաղաքապետարանը լինելու է ներդրողների գործընկերն ու աջակիցը. Հայկ Մարությանը հանդիպել է կառուցապատող գործարարների հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Երևանում կառուցապատում իրականացնող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և այլք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կարևորելով նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները՝ Երևանի քաղաքապետը ներկայացրել է իր մոտեցումները մայրաքաղաքի կառուցապատման ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ: Քաղաքային տնտեսության դինամիկ զարգացման հարցում Հայկ Մարությանը կարևորել է գործարար շրջանակների մասնակցությունը և ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը լինելու է բոլոր ներդրողների գործընկերն ու աջակիցը:

«Մենք պետք է իրար հետ լինենք պարտնյորներ, սա է ամենակարևորը: Շատ ուրախ ենք, երբ գործարարները ծրագրեր են նախաձեռնում և գումարներ են ներդնում: Համոզված եղեք, մեր կողմից արվելու է մաքսիմում ամեն ինչ: Բայց դուք էլ, բիզնեսի համար բնական շահույթ հետապնդելուց բացի, պետք է պահպանեք բոլոր նորմերը, որոնք քաղաքին, մեր բնակիչներին ոչ միայն վնաս չեն տա, այլև օգտակար կլինեն», - նշել է քաղաքապետը:

Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ ոլորտում կատարվող կարգավորումների արդյունքում ինքնաբերաբար կփոխվի քաղաքում կառուցապատում իրականացնելու գաղափարի վերաբերյալ հանրության մոտ ձևավորված բացասական ընկալումը:

«Քաղաքը երբեք չի կանգնում, դա նորմալ է: Ուղղակի, կառուցապատումը պետք է տեղավորել օրինականության և տրամաբանության շրջանակների մեջ», - ասել է գլխավոր ճարտարապետը:

Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են համայնքի հետ աշխատանքների հետ կապված որոշ նկատառումներ, մասնավորապես քաղաքաշինական փաստաթղթերի, ավարտական ակտերի ու տեխնիկական պայմանների տրամադրման գործընթացի վերաբերյալ՝ ակնկալելով պարզեցված համակարգեր կառուցապատողների համար:

Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև ապօրինի շինարարության կանխարգելմանը և կրկին ընդգծել, որ քաղաքապետարանը հետևողական է լինելու ապօրինի կամ քաղաքաշինական նորմերի խախտմամբ ուղեկցվող կառուցապատումը բացառելու հարցում: Հայկ Մարությանը վստահեցրել է, որ արվելու է հնարավոր ամեն ինչ՝ օրինական շինարարության գործընթացը հեշտացնելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում