Հասարակական

Հայկ Մարությանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Կարապետյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետը հատկանշել է հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել հստակ քայլեր: Անդրադառնալով «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքներին՝ Հայկ Մարությանն անբավարար է գնահատել աշխատանքն ու նշել, որ այս ուղղությամբ պետք է վերանայվի ընկերության աշխատանքների կազմակերպման մեխանիզմը և շատ ավելի խստացվի վերահսկողությունը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը բարձր է գնահատել այն աշխատանքը, որն այս տարիների ընթացքում մեծ ջանասիրությամբ կատարվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի և աշխատակազմի կողմից, ու համոզմունք հայտնել, որ վարչական շրջանի նոր ղեկավարի հետ միասին թիմը շարունակելու է իրականացնել նոր ծրագրեր՝ վարչական շրջանի շարունակական զարգացումն ապահովելու համար:

«Ինձ համար չկա ոչ մի տարբերություն վարչական շրջանների միջև: Ես հենց սկզբից հայտարարել եմ, որ Երևանը միայն կենտրոնը չի, մեր մոտեցումը մնում է նույնը: Բոլոր վարչական շրջանները պետք է զուգահեռ զարգանան, բոլոր վարչական շրջանների բնակիչները պետք է իմանան, որ իրենք բոլորն էլ ուշադրության կենտրոնում են»,- ընդգծել է քաղաքապետը:

Հայկ Մարությանը շնորհավորել է Դավիթ Կարապետյանին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում