8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հոկտեմբերի 20-21-ը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Լիբանանի Հանրապետություն, որի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԼՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների՝ նախագահ Միշել Աունի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի, վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Փաշինյանը հանդիպներ է անցկացրել նաև Լիբանանի հայ ավանդական կուսակցությունների (ՀՅԴ, ՍԴՀԿ և ՌԱԿ), հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Անթիլիասում այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, մասնակցել նրա ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ պատարագին, ինչպես նաև եղել է Լիբանանի Հայկազյան համալսարանում և Զմմառի պատրիարքական միաբանությունում, հանդիպել հայկական կրթական և հոգևոր-մշակութային կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Թեև Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության Լիբանան այցի առաջնային առիթն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցությունն էր, այսուհանդերձ, այցը բավական հագեցած էր և ուներ զգալի, համակողմանի քաղաքական ու խորհրդանշական կարևորություն:
Ընդհանուր առմամբ, հայ-լիբանանյան հարաբերությունների ոչ քաղաքական օրակարգի տեսանկյունից բովանդակային առումով գուցե հայաստանյան պատվիրակության այցն ընդգծված նոր բաղադրիչներ չավելացրեց, որը պայմանավորված է նախ և առաջ երկու երկրներում առկա ներքաղաքական մի շարք օբյեկտիվ իրողություններով, մինչդեռ այն հերթական անգամ շեշտադրեց հայ-լիբանանյան բարեկամության կարևորությունը և կողմերի՝ միևնույն և նոր իշխանությունների ու ձևավորվելիք կառավարությունների պատրաստակամությունը՝ հետևաողական լինելու Երևանի և Բեյրութի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և իրավա-պայմանագրային բավական լայն շրջանակի իրականացմանը:
Հարկ է նշել, որ 2010թ. վերջից արաբական երկրներին պատուհասած «արաբական գարնան», դրա համատեքստում աշխարհաքաղաքական և տարածաշրջանային դերակատարների միջև հակասությունների սրման հետևանքներից և հատկապես սիրիական ճգնաժամի բացասական ազդեցությունից անմասն չմնաց նաև Լիբանանը՝ ապրելով քաղաքական, անվտանգային, սոցիալ-տնտեսական, մարդասիրական խորը ճգնաժամ: Մերձավորարևելյան այս երկրում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման ծիլերը երևացին 2016թ. նոյեմբերի վերջին, երբ շուրջ 2,5 տարի անհաջող փորձերից հետո նախագահ ընտրվեց Միշել Աունը, ապա վարչապետ նշանակվեց Սաադ Հարիրին, իսկ ընթացիկ տարվա մայիսին մի քանի անգամ հետաձգումից հետո անկացված խորհրդարանական ընտրություններից հետո՝ այս օրերին միայն, կարծես, եզրագծին է հասնում նոր կառավարության ձևավորման գործընթացը. ի դեպ, այդ գործընթացում առկա են որոշակի խնդիրներ նոր կառավարության կազմում լիբանանահայության ներկայության հնարավոր սահմանափակման հետ կապված, ինչն ընթացող բանակցությունների օրակարգային հարցերից է: Իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, ներքաղաքական կյանքը բնականոն հուն կստանա արդեն այս տարեվերջին՝ դեկտեմբերի առաջին տասնօրյակում ակնկալվող խորհրդարանական արտահերթ ընտրություններից և նոր կառավարության ձևավորումից հետո, եթե, իհարկե, ֆորսմաժորային իրավիճակներ չառաջանան:
Ընդհանուր առմամբ, Լիբանանի հետ Հայաստանի հարաբերություններն իրենց ձևով և մակարդակով տարբերվում են ինչպես մերձավորարևելյան, այնպես էլ, ընդհանրապես, այլ դերակատարների հետ Երևանի ունեցած հարաբերություններից: Հայ և լիբանանցի ժողովուրդների՝ հազարամյակների պատմություն ունեցող ակտիվ փոխառնչությունների նորագույն շրջափուլում՝ երկկողմանի միջպետական հարաբերությունների հաստատման անցած 26 տարիների ընթացքում, գրանցվել են շուրջ 3 տասնյակ փոխայցելություններ, ստորագրվել տարբեր ոլորտների վերաբերյալ նույնքան փաստաթղթեր, կողմերի միջև առկա է լուրջ համագործակցություն տարաբնույթ միջազգային կառույցների շրջանակներում: Միայն ընթացիկ տարում 2 անգամ Հայաստան է այցելել Լիբանանի նախագահը, 2 անգամ էլ Լիբանան՝ ՀՀ կառավարության ղեկավարներ Կարեն Կարապետյանը, նաև Նիկոլ Փաշինյանը: Իրենց բովանդակությամբ, սակայն, հարաբերությունների քաղաքական, մշակութային բաղադրիչներն անհամեմատելիորեն գերազանցում են տնտեսականին, որը խթանելուն էր միտված ս.թ. մարտ ամսին նախկին վարչապետ Կարապետյանի գլխավորած բավական ներկայացուցչական պատվիրակության այցը և բազմակողմանի հանդիպումները Լիբանանում: Հարաբերությունների տնտեսկան բաղադրիչը խորացնելու կարևորությունը շեշտեց նաև Փաշինյանը՝ հատկապես Լիբանանի իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում: Ավելորդ չէ նշել նաև, որ Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ այդ երկրի հարավում՝ Իսրայելի հետ սահմանին, ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանը:
Վերոնշյալի համատեքստում, այսուհանդերձ, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի՝ լիբանանյան այցի գնահատման տեսանկյունից առավել էական է դրա քաղաքական և խորհրդանշական նշանակությունը: Նախ և առաջ, անկախ այցի բովանդակությունից և դրա իրականացման ոչ այնքան բարենպաստ ժամանակահատվածից, կարևոր էր, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ «հեղափոխական շրջանում», մինչև նոր իշխանության լիարժեք ձևավորումը մերձավորարևելյան որևէ ուղղությամբ այցի կազմակերպումը, քանի որ Հայաստանի նոր իշխանությունների արտաքին քաղաքականության այս ուղեգիծը համեմատաբար պասիվ էր: Մյուս կողմից, վերոշարադրյալի համատեքստում, անգնահատելի կարևորություն ունի հենց Լիբանանի ընտրությունը, քանի որ մերձավորարևելյան այս փոքր պետությունն իր օբյեկտիվ յուրահատկությունների շնորհիվ ամփոփում է տարածաշրջանի էթնոդավանական կազմի, աշխարհաքաղաքկան շահերի համադրման և բախման ուրույն խճապատկերը: Նույն տրամաբանությունն առկա է նաև համահայկական հարթությունում: Որպես երկրի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանի արտաքին այցերի շրջանակում հայ համայնքի հետ պարտադիր և բովանդակային հանդիպումների շարքում հայ ժողովրդի պատմության և ներկայի առումով այս չափազանց կարևոր տարածաշրջանի մեր հայրենակիցների հետ հանդիպումը խիստ կարևոր էր: Իսկ Լիբանանում հայկական ներկայությունն իր հոգևոր, մշակութային, նաև քաղաքական նշանակությամբ և ազդեցությամբ անհամեմատելի է Սփյուռքի այլ համայնքների հետ, որն արժանիորեն գնահատեց նաև Փաշինյանը Լիբանանի ղեկավարության և լիբանանահայության տարբեր շերտերի հետ անցկացրած հանդիպումներում:
Այսպիսով, կարելի է փաստել՝ Լիբանան կատարած այցով Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը նաև հնարավորինս ամփոփեց անցումային շրջանի արտաքին քաղաքական օրակարգը՝ նաև այս ուղղությամբ դնելով անհրաժեշտ մեկնարկային հիմքերը՝ արդեն հետընտրական Հայաստանի կողմից բազմակողմանի հարաբերություններ զարգացնելու համար:
Արմեն Պետրոսյան