ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերեն ամենաերկարակյաց «Բազմավեպ» հայագիտական հանդեսը տոնում է հիմնադրման 175-ամյա հոբելյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գիտությունների ազգային ակադեմիայում պարբերականի հոբելյանին նվիրված գիտաժողով էր կազմակերպվել: ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը բացման խոսքում նշեց, որ Մխիթարյան Միաբանությունը, որպես գիտակրթական լուրջ հաստատություն, կայացած և հայագիտական խոշոր կենտրոն չէր կարող չունենալ իր գիտական հանդեսը: «Բազմավեպն անցել է զարգացման որոշ փուլեր: Առ այսօր այն հրատարակվում է որպես լուրջ գիտական հանդես, որն ի սկզբանե ունեցել է կուլտուր լուսավորչական և հոգևոր ուղղվածություն, ապա դարձել հայագիտական, գրական-գեղարվեստական հանդես»,-ասաց նա:
ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ հայ պարբերականների դերն անգնահատելի է մեր պատմության մեջ, ազգային ինքնության պահպանման գործում: «Մխիթարյան Միաբանությունը գիտական և մշակութային գործունեության հետ մեկտեղ, ստանձնելով նաև հայ լրագրության զարգացումը խթանելու պատվաբեր առաքելությունը, 175 տարի առաջ դարձավ հայ մամուլի ստեղծման հիմնաքարերից մեկը»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նա նշեց, որ հայագիտության զարգացման գործում մեծ ավանդ ունեցող «Բազմավեպ»-ն ունեցել է ավելի քան 40 տասնյակ խմբագրապետ, ովքեր իրենց անմնացորդ աշխատանքով ապացուցել են, որ եվրոպական միտքն ու գաղափարները նաև իրենց շնորհիվ է, որ ներմուծվել են հայկական մշակույթ:
«Բազմավեպ»-ի հիմնադիր-խմբագիրըԳաբրիել Այվազովսկինէր՝ ծովանկարիչՀովհաննես Այվազովսկուեղբայրը, ով ուրիշ վարդապետների օժանդակությամբ 1843 թ. հիմնեց «Բազմավեպ» հանդեսը՝ աչքի առաջ ունենալովՀ. Ղուկաս Ինճիճյանիհրապարակագրական բուռն ճիգերով առաջին անգամ կյանք առած «Տարեգրութիւնք», «Եղանակ Բիւզանդեան» և «Դիտակ Բիւզանդեան» թերթերի փորձը։