Քաղաքականություն

Վանեցյանը հավաստիացնում է, որ որևէ առնչություն չունի նախարարի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի և Ֆելիքս Ցոլակյանի նշանակումների հետ

3 րոպեի ընթերցում

Վանեցյանը հավաստիացնում է, որ որևէ առնչություն չունի նախարարի պաշտոնում  Գարեգին Բաղրամյանի և Ֆելիքս Ցոլակյանի նշանակումների հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է մամուլում տարածված լուրերն այն մասին, թե ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը իր քավորն է ու նախարարի պաշտոնում նշանակվել է իր միջամտությամբ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ Ֆելիքս Ցոլակյանը իր քավորը չէ, իսկ այդպիսի լուրերն ապատեղեկատվություն են:

«Ֆելիքս Ցոլակյանն ազգային անվտանգության ծառայության համակարգի հին աշխատողներից է եղել: Երբ ես աշխատանքի եմ ընդունվել ազգային անվտանգության ծառայությունում, նա արդեն համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից էր: Ես նրան հարգում եմ որպես մարդ, զինվորական, պետական գործիչ, բայց նա իմ քավորը չէ: Սա բոլորին հայտնի փաստ է, ուղղակի վերջին շրջանում շատ մոդայիկ է դարձել ցանկացած հոդվածի մեջ իմ ազգանունը գրելը ու սենսացիա դարձնելը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաև մամուլում տարածված լուրերին, թե էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը իր կնոջ քրոջ ամուսինն է: Նա հաստատեց այդ փաստը՝ ընդգծելով, որ այն ժամանակ, երբ Գարեգին Բաղրամյանը դարձել է իր կնոջ քրոջ ամուսինը, նա եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սովորական աշխատակից: Արթուր Վանեցյանն այս դեպքում էլ հերքեց իր կապը՝ Գարեգին Բաղրամյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակման հետ: «Ես նման լիազորություններ չունեմ, որ որևէ մեկին առաջարկեմ այս կամ այն պաշտոնում նշանակելու համար: Ես միայն ազգային անվտանգության ծառայության համակարգում կարող եմ որևէ անձի որևէ պաշտոնում նշանակել, իսկ երկրի ղեկավարությանն անհրաժեշտության դեպքում կարող եմ տեղեկություններ տրամադրել այս կամ այն անձի վերաբերյալ»,- մանրամասնեց Վանեցյանը:

Մամուլում լուրեր են տարածվել, թե ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քավորն է, իսկ էներգետիկայի նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը՝ կնոջ քրոջ ամուսինը՝ այդկերպ նախարարի պաշտոնում նրանց նշանակումը կապելով Արթուր Վանեցյանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում