Տնտեսություն

Հակոբ Արշակյանը կարևորել է «RIPE NCC»-ում հայկական ընկերությունների ներգրավվածության ընդլայնումը

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը կարևորել է «RIPE NCC»-ում հայկական ընկերությունների ներգրավվածության ընդլայնումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է «RIPE NCC» արտաքին հարաբերությունների կառավարիչ Քրիս Բակրիջի ու Կովկասի և Կենտրոնական Ասիայի մասով արտաքին հարաբերությունների տնօրեն Վահան Հովսեփյանի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀտրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանում «RIPE NCC» գործունեության մի շարք մանրամասներ։ Նշվել է, որ Հայաստանում «RIPE NCC» անդամ են 31 կազմակերպություններ, այդ թվում՝ հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններ, բանկեր: Համագործակցություն է հաստատվել Հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման «ԱՐՄԻՔՍ» հիմնադրամի, Օպերատորների հայկական միության, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի և այլ կառույցների հետ։

Կողմերը քննարկել են Հայաստանում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների, ինտերնետի զարգացման, նաև տարածաշրջանային համագործակցության մի շարք հնարավորությունները։

Նախարարն ընդգծել է կազմակերպության գործունեության և դրանում հայկական ընկերությունների ներգրավվածության ընդլայնման կարևորությունը։

Հակոբ Արշակյանը կարևորել է նաև Հայաստանի տեխնիկական ուղղվածության բուհերի ուսանողների մասնակցությունը և ներգրավվածությունը «RIPE NCC» կրթական ծրագրերում։

«RIPE NCC»-ը Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանում Ինտերնետի կենսագործունեությունը և զարգացումն ապահովող կառույց է։ Այն ունի մոտ 20.000 անդամ ամբողջ տարածաշրջանից և առանցքային դերակատարում ունի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման և ինտերնետի կառավարման բնագավառներում։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարության լրատվական ծառայություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում