ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի գյուտարար, CYCLADESցանցի հիմնադիրներից Լուի Պուզանը ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում տնտեսական ֆորումի արդյունքում հայկական և ֆրանսիական ընկերությունների սերտ համագործակցություն է ակնկալում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց.
«Հույս ունեմ, որ տնտեսական ֆորումի շրջանակում մասնավորապես հայկական ու ֆրանսիական ընկերությունները կհամագործակցեն և համատեղ գաղափարներ կզարգացնեն։ Դրա արդյունքում կկարողանանք ստեղծել նաև այնպիսի արտադրանք, որը կմտնի միջազգային շուկա»:
Նա փակագծերը չբացեց: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը նշեց՝ ֆորումի ընթացքում կարևոր հայտարարություններ են լինելու, և Պուզանն այս հայտարարություններն անողներից մեկն է լինելու: Ադամյանը հույս հայտնեց՝ ֆորումի արդյունքում Հայաստանն իսկապես մեծ ձեռքբերումներ է ունենալու:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում առաջին անգամ հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպվելու է տնտեսական ֆորում` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը: