Ազնավուրն իր օրինակով ցույց տվեց, թե մշակույթը որքան կարևոր է ազգերի մերձեցման գործում. Լիլիթ Մակունց

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեգենդար Շառլ Ազնավուրի երգերը դեռ շարունակելու են իր բոլոր երկրպագուներին ստիպել սիրել, կարոտել, հուսալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազնավուրի մահվան լուրին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Խորը կսկիծով տեղեկացանք երգիչ, երգահան, կինոդերասան, հասարակական գործիչ և բարերար Շառլ Ազնավուրի մահվան մասին: Նրա երգերը մեզ սիրել տվեցին ֆրանսերենն ու Ֆրանսիան, ում անունը նշում ենք հպարտությամբ ամբողջ աշխարհում, ով իր անգնահատելի հետքը թողեց համաշխարհային երգարվեստում, ով իր օրինակով ցույց տվեց, թե մշակույթը որքան կարևոր դեր է խաղում ազգերի մերձեցման գործում: Մեծանուն շանսոնյեն շուրջ 7 տասնամյակ հմայել է բոլորիս իր անկրկնելի երգերով, և այդ երգերը դեռ շարունակելու են մեզ ստիպել սիրել, կարոտել, հուսալ... »,-գրել է մշակույթի նախարարը:

Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Վաղինակը: Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում:

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և նրանք միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է արժանացել 1959 թվականին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:

Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն:

Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ (2007 թ., շնորհանդեսը՝ Մոսկվայում):

1995 թվականից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակ: 2009-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման, պարգևատրվել ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009 -ին ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները: Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ. Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004թ. դրվել է մադամ Տյուսոյի թանգարանում: 2009թ. Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

Հայերեն English Français

Օդն աղտոտող կայանքի գործունեությունը կասեցվել է. ԲԸՏՄ

Մեկնարկում է ջրծաղիկի դեմ պատվաստումների գործընթացը

Փորձ էր արվում Երևանում տրանսպորտային համակարգը տանել կոլապսի, որը ձախողվեց․ քաղաքապետ

Մեքսիկայի նախագահը նախազգուշացրել է ԱՄՆ-ի համար մաքսատուրքերի ծանր հետևանքների մասին

Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին՝ տրանսպորտային ոլորտում իրականացվող փոփոխություններին աջակցելու համար

Fast Shift-ը մասնակցել է ICE Barcelona 2025-ին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն իրականացրել է դրամական միջոցների անօրինական հավաքագրում

Podcast-Հարց բժշկին. էնդոսկոպիկ հետազոտությունը հնարավորություն է տալիս ճշգրիտ ախտորոշել և թիրախային բուժում իրականացնել

«Նոր գիրք»-5/25. Քրիստի, Գոբետտի, Ռիցարդի, Բարխուդարյան

Կանադան պատասխան 25% մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող պարենի, զենքի, մեքենաների, ալկոհոլի նկատմամբ