Հասարակական

Սուրեն Պապիկյանը հանդիպել է նախարարությունում փորձաշրջան անցնող երիտասարդների հետ

2 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը հանդիպել է նախարարությունում փորձաշրջան անցնող երիտասարդների հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպում-քննարկում է անցկացրել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով արդեն մեկ ամիս փորձաշրջան անցնող երիտասարդների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հասարակայնության հետ կապերի բաժնից, Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել նախարարության ամենօրյա կազմակերպչական գործունեության նկատմամբ երիտասարդների պատրաստակամ ներգրավվածությունն ու ակտիվ աշխատանքը, ապա լսել պրակտիկ աշխատանքի վերաբերյալ նրանց տպավորությունները, կարծիքներն ու առաջարկները:

Խոսելով պետական կառավարման համակարգում երիտասարդներին ներգրավելու անհրաժեշտության մասին՝ նախարարն ընդգծել է, որ այս ծրագիրը հետհեղափոխական շրջանի կարևոր ձեռքբերումներից է։ «Երիտասարդներն իրենց նախաձեռնողականությամբ և զարգացման առողջ հայեցակարգերով պետք է դառնան Հայաստանում թափ առնող փոփոխությունների առաջամարտիկը»,- նշել է նախարարը և հորդորել երիտասարդներին՝ չխուսափել բարձրաձայնել առկա թերությունները և հանդես գալ նորարարական առաջարկներով, գաղափարներով և նախաձեռնություններով:

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է երիտասարդներին հուզող հարցերին, նրանց հետ քննարկել ինչպես նախարարության առօրյա աշխատանքային գործունեությանը, այնպես էլ տարածքային կառավարման և զարգացման ոլորտին առնչվող մի շարք հիմնահարցեր:

Երիտասարդներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախարարի` ընձեռնված հնարավորության, իրենց ցույց տրված ջերմ ընդունելության և աշխատանքային գործընթացում աշխույժ ներգրավման համար: Ամփոփելով` նախարարը նշել է, որ երիտասարդները պետք է հնարավորություն ունենան ավելի մոտիկից ծանոթանալ պետական կառավարման համակարգին և հավելել` «պետք է կոտրենք բոլոր կարծրատիպերը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում