Քաղաքականություն

«Ժառանգություն»-ը շնորհավորել է երևանցիներին և ՀՀ քաղաքացիներին ազատ և թափանցիկ ընտրությունների կապակցությամբ

3 րոպեի ընթերցում

«Ժառանգություն»-ը շնորհավորել է երևանցիներին և ՀՀ քաղաքացիներին ազատ և թափանցիկ ընտրությունների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով հայտարարություն է տարածել, որում շնորհավորել է երևանցիներին և Հայաստանւ Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև հաղթած քաղաքական ուժին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը.

««Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ հատկապես երեւանցիներին՝ մեր պետության վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ եւ օրինական ընտրությունների կապակցությամբ:

Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար եւ անկախ թե ով հաղթեց այս ընտրություններում, սա կարող է դառնալ նոր սկիզբ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի եւ երաշխիքը՝ նախկինին այլեւս երբեք չվերադառնալու:

Մենք նաեւ շնորհավորում ենք նախընտրական արշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, հատկապես «Իմ քայլը» դաշինքնին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ պարոն Հայկ Մարությանին՝ այս կարեւոր միջոցառումը իրենց մասնակությամբ կայացնելու համար եւ ամենաբարին մաղթում նրանց բոլորին»,- ասված է հայտարարության մեջ:

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը բացարձակ հաղթանակ է տարել: Բոլոր 475 տեղամասերում կատարված նախնական հաշվարկով «Ւմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 109 քաղաքացի կամ ընտրության մասնակիցների 81.06 տոկոսը:

Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ում օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը: Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է: «Լույս դաշինքի օգտին քվեարկել է 18 հազար 112 ընտրող կամ ընտրության մասնակիցների 4.99 տոկոսը:

ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 5882 ընտրող կամ 1.62 տոկոսը: ՕԵԿ-ի օգտին քվեարկել է 3948 ընտրող կամ 1.09 տոկոսը: «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է 5 հազար 59 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.39 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 2709 ընտրող կամ 0.75 տոկոսը: «Երևանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 2985 քաղաքացի կամ 0.82 տոկոսը:

«Երևանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 2502 քաղաքացի կամ 0.69 տոկոսը: «Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 692 ընտրող կամ 0.19 տոկոսը: «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին քվեարկել է 792 ընտրող կամ 0.22 տոկոսը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 799 քաղաքացի կամ 0.22 տոկոս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում