ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի կարծիքով` Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում իր դաշինքի հաղթանակը հայ ժողովրդի հաղթանակն է:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայկ Մարությանը իր «Ֆեյսբուք»-ի էջում մասնավորապես գրել է. «Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարին: Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ:
Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը»:
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը կայացել է սեպտեմբերի 23-ին: Բոլոր475 տեղամասերում կատարված հաշվարկով «Ւմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 109 քաղաքացի կամ ընտրության մասնակիցների 81.06 տոկոսը:
Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ում օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը:
Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է: «Լույս դաշինքի օգտին քվեարկել է 18 հազար 112 ընտրող կամ ընտրության մասնակիցների 4.99 տոկոսը:
ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 5882 ընտրող կամ 1.62 տոկոսը: ՕԵԿ-ի օգտին քվեարկել է 3948 ընտրող կամ 1.09 տոկոսը: «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է 5 հազար 59 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.39 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 2709 ընտրող կամ 0.75 տոկոսը: «Երևանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 2985 քաղաքացի կամ 0.82 տոկոսը:«Երևանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 2502 քաղաքացի կամ 0.69 տոկոսը: «Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 692 ընտրող կամ 0.19 տոկոսը: «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին քվեարկել է 792 ընտրող կամ 0.22 տոկոսը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 799 քաղաքացի կամ 0.22 տոկոսը: