ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 13:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ընտրախախտումների վերաբերյալ ուսումնասիրվել է մամուլի 29-ը հրապարակում, սոցիալական ցանցում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում, իսկ վարչական վարույթ է ձեռնարկվել 1 դեպքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Շուշանիկ Իսրայելյանը՝ ամփոփելով մինչև քվեարկության օրը, ինչպես նաև սեպտեմբերի 23-ի դրությամբ ստացված հաղորդումները:
Իսրայելյանը հայտնեց, որ ուսումնասիրվել է ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 123դեպք:
«Նշված իրավախախտումներից 26-ը վերաբերում են քաղաքացու ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 23-ը՝ ընտրակաշառք տալուն, 5-ն այլ դեպքեր են, 55-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտման դեպքեր են, 2-ը՝ կրկնակի քվեարկության դեպքեր, 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքեր, մեկը՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպք»,- տեղեկացրեց Իսրայելյանը:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդականի խոսքով՝ հիշյալ դեպքերից 106-ը պարունակում են վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ. Այնուամենայնիվ, ստուգողական գործողություններ են կատարվում ոստիկանությունում:
«13 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով նախապատրաստվում են նյութեր, 4 դեպքով հարուցվել է քրեական գործ»,- ասաց Իսրայելյանը:
Մինչև Երևանի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 8:00-ի դրությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել է մամուլի 15 հրապարակում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում, իսկ վարչական վարույթ է ձեռնարկվել մեկ դեպքով:
Իսրայելյանը տեղեկացրեց, որ արձանագրվել է քաղաքացիների կողմից ոստիկանությանը տված 94 հաղորդում:
«Նշված առերևույթ իրավախախտումներից 19-ը վերաբերվում է քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 21-ը՝ ընտրակաշառք տալուն, 4-ը՝ քարոզչություն կատարելուն, հարկադրելուն, 49-ը ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտմանը, իսկ մեկը՝ այլ դեպք»,- նկատեց ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը:
«Նշվածներից ենթադրյալ իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ են պարունակել՝ ստուգողական գործողություններ են կատարվել ոստիկանության կողմից այդ դեպքերով:
9 դեպքով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվում են նյութեր, իսկ 3 դեպքով հարուցվել է քրեական գործ, որոնք վերաբերվում են ընտրակաշառք տալուն»,- տեղեկացրեց Իսրայելյանը: