Հասարակական

Արդարադատության նախարարի շնորհավորական ուղերձը. Արտակ Զեյնալյանը բոլորին մաղթում է սեր, լույս ու խաղաղություն

2 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարի շնորհավորական ուղերձը. Արտակ Զեյնալյանը բոլորին մաղթում է սեր, լույս ու խաղաղություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին և նոր էջ բացեց Հայաստանի լուսավոր պատմության համար՝ անշրջելի իրողություն դարձնելով մեր ժողովրդի դարավոր երազանքը:

Այդ իրողությանը նոր գույն, նոր ուժ և նոր կյանք հաղորդեցիք Դուք՝ ամիսներ առաջ տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությամբ: Դրա արդյունքում կուտակված դրական էներգիան, լուսավոր ապագային ուղղված ձգտումները պետք է կապիտալի վերածենք և ծառայեցնենք մեր երկրի զարգացմանն ու խաղաղության ապահովմանը: Մեր երկիրը բոլորիս ջանքերի ու նվիրվածության շնորհիվ պետք է դառնա ամենաժողովրդավարականը, ամենաիրավականը, ամենազարգացածը, ամենաապահովն ու ամենախաղաղը: Սա հնարավոր է միայն ու միայն բոլորիս՝ իմ և Ձեր քրտնաջան աշխատանքի, ավելիին ձգտելու անկոտրում կամքի և միասնականության շնորհիվ: Աշխատանք, կամք, միասնականություն. սա է մեր հաջողության բանաձևը, որից չօգտվելու և որի միջոցով հաջողության չհասնելու իրավունք որևէ մեկս չունի:

Կրկին շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ և բոլորիս ընտանիքներին մաղթում սեր, լույս ու խաղաղություն»,- գրել է Զեյնալյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում