Քաղաքականություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրախախտումների պատիժները խստացնելու փաթեթը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրախախտումների պատիժները խստացնելու փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 6-ին մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանը գումարվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ:

Արտահերթ նստաշրջանի օրակարգում ներկայացված էր «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը, որը ենթադրում է ընտրական խախտումների հետ կապված պատիժների խստացում:

ՀՀ արդարադատության նախարարությունն ԱԺ-ին առաջարկում է վարչական իրավախախտում համարել նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուների, կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը։ Վարչական պատասխանատվություն կսահմանվի նաև բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար: Առաջարկվող փոփոխություններով քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն կաշառք բաժանողները, այլև ստացողները։

Նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել ներկայում հանցագործություն չհամարվող մի շարք արարքների՝ ընտրողի կողմից կաշառքի առաջարկին համաձայնելու, կաշառքի խոստումն ընդունելու, կաշառք խնդրելու, սեփական քվեարկության գաղտնիությունը դիտավորությամբ խախտելու համար:

Օրենսդրական նախագծերի փաթեթի ընդունումից հետո փոփոխությունները կգործարկվեն սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում