ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ-հնդկական համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմային նվիրված նամականիշները վերահաստատում են Հայաստանի և Հնդկաստանի համագործակցությունը նաև մշակութային ոլորտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամականիշների մարման արարողությունը կայացավ օգոստոսի 29-ին՝ Հայաստանում Հնդկաստանի դեսպանի մասնակցությամբ:
«Սա Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հիանալի համագործակցության նշան է: Շատ ուրախ ենք այս առիթով, որ հնդկական նամականիշները ցուցադրվում են այստեղ՝ Հայաստանում»,-ասաց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանըու հավելեց, որ ուրախ են նաև Հայաստանում հայ-հնդկական համատեղ ֆիլատելիստական ցուցահանդեսի անցկացման համար:
Առաջին նամականիշի վրա պատկերված է հայկական «Հով արեք» պարը, որի հիմքում ընկած է «Հով արեք, սարեր ջան» քնարական ժողովրդական երգը՝ ներառված Կոմիտասի հավաքածուի մեջ: Պարը կատարում են կանայք: Երկրորդ նամականիշը պատկերում է հնդկական «Մանիպուրի» պարը, որը հնդկական դասական պարային հիմնական ոճերից մեկն է: Այն ծագել է Հնդկաստանի հեռավոր արևելքում գտնվող Մանիպուր նահանգում: Ավանդական «Մանիպուրի» պարը բաղկացած է նուրբ, քնարական շարժումներից:
Հայկական կողմից նամականիշը մարեցին «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրենԽուանՊաբլոԳեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը:
ԽուանՊաբլոԳեչիջյանը շնորհակալություն հայտնեց նամականիշների և դրանց դիզայնի համար՝ նշելով, որ կօգտագործեն նաև Հնդկաստանի փորձը:
Յուրաքանչյուր փոստային նամականիշ ունի 280 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշները տպագրվել են Ֆրանսիայի «Carot» տպագրատանը՝ 40 000 տպաքանակով: Հայկական նամականիշի հեղինակն է «ՀայՓոստ»-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը, հնդկական նամականիշինը՝ Սուրեշ Կումարը: