Տարածաշրջանային կայունություն և կանխատեսելի գործընկերներ. Մերկելի այցը Հարավային Կովկաս ավարտվեց 

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Օգոստոսի 25-ին ավարտվեց ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի եռօրյա այցը Հարավային Կովկաս։ Կանցլերի այցը տարածաշրջան պետք է դիտարկել ԱլԳ տարածաշրջանի նկատմամբ Գերմանիայի ունեցած հետաքրքրությունների շրջանակներում` պայմանավորված առավել կանխատեսելի գործընկերներ ունենալու անհրաժեշտությամբ:

Իսկ ինչո՞վ կարևորվեց Մերկելի այցը տարածաշրջանի առանձին երկրների համար:

Վրաստան

Մերկելի տարածաշրջանային այցի առաջին կանգառը Վրաստանում էր, երկիր, որը ԵՄ ասոցացված անդամ է և հստակորեն ընթանում է դեպի ԵՄ ինտեգրում: Այս առումով բավական ուշագրավ է Մերկելի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին չի կարող հապճեպ տեղի ունենալ, Գերմանիան կաջակցի այդ գործընթացին, բայց չի կարող արագացնել այն։ Հարցի վերաբերյալ Գերմանիայի նման զգուշավորությունն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է երկու հանգամանքով: Նախ, այս փուլում ԵՄ և ՆԱՏՕ ընդլայնման գործընթացը բավական դանդաղ է ընթանում: Երկրորդ, Վրաստանում մի շարք ոլորտնելում, այդ թվում` միգրացիոն քաղաքականությունում, բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության կա: Պատահական չէ, որ երկկողմ օրակարգի առանցքային հարցերից մեկն էլ վրաց փախստականների խնդիրն էր:

Նշենք նաև, որ այցի շրջանակներում ձեռք բերվեց պայմանավորվածություն` Վրաստանին տրամադրել 199 մլն․ եվրո ֆինանսավորում՝ գազի պահեստավորման օբյեկտի և դրան հարակից այլ ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման համար, ինչը վկայում է էներգետիկ ոլորտում Գերմանիայի ունեցած հետաքրքրության մասին։

Հայաստան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան առավելապես կարևորվեց երկկողմ հարաբերություններին նոր խթան հաղորդելու և համատեղ օրակարգն առավել հստակեցնելու տեսանկյունից: Հայաստանը Գերմանիայի հետ ունի դինամիկ զարգացող հարաբերություններ, սակայն երկկողմ փոխգործակցությունում առկա ներուժը դեռևս ոչ լիարժեք է իրացված: Այս մասին է վկայում Մերկելի կողմից արված շեշտադրումն առ այն, որ հայ-գերմանական բազմաոլորտ համագործակցության լայն հնարավորություններ կան, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ ձեռնարկել։ Սա խոսում է համագործակցությունը խորացնելու գերմանական կողմի պատրաստակամության մասին: Այս տեսանկյունից Մերկելի հրավերը Փաշինյանին Հայաստանի հետ համագործակցության խորացմանն ուղղված կարևոր և դրական ազդակ էր:

Մերկելի այցը Հայաստան, թերևս, երկկողմ փոխգործակցությունը զարգացնելու և ընդլայնելու նոր հնարավորություններ է բացում` հաշվի առնելով այդ թվում` ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի առկայությունը: Պատահական չէ, որ կանցլերն ինքը կարևորեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի կնքումը` նշելով, որ Գերմանիան իր աջակցությունը կցուցաբերի դրա կիրարկման գործում: Մերկելի կողմից նման հայտարարությունը թույլ է տալիս ենթադրել, որ առնվազն մոտ ապագայում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացվի նաև Բունդեսթագի կողմից` նպաստելով համաձայնագրի հնարավորինս արագ ուժի մեջ մտնելուն:

Ադրբեջան

Տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Մերկելի համար ամենախնդրահարույց կանգառը, թերևս, Ադրբեջանն էր: Սա պայմանավորված է ոչ միայն Մերկելի պատվիրակության անդամ Ալբերտ Վայլերի շուրջ տեղի ունեցած զարգացումներով (Ադրբեջանը վերջինիս մերժեց տրամադրել մուտքի արտոնագիր Արցախ այցելելու պատճառով), այլ նաև երկկողմ օրակարգում ներառված հարցերով, այդ թվում` Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներով ու մարդու իրավունքների վիճակով: Պատահական չէ, որ Մերկելն Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ոչ բոլոր հարցերի շուրջ են եկել ընդհանուր հայտարարի` մասնավորապես մատնանշելով ուժեղ, բաց և աշխարհիկ հասարակություն ունենալու կարևորությունը:

Մերկելը կարևորել է Ադրբեջանի դերակատարումը ԵՄ էներգետիկ դիվերսիֆիկացիայի տեսանկյունից։ Այնուամենայնիվ, այս հարցում Ադրբեջանը դեռևս Ռուսաստանին չի կարող լինել մրցակից:

Երկկողմ քննարկման օրակարգում էր նաև Ղարաբաղյան հակամարտության թեման, որի կապակցությամբ կանցլերը, ինչպես և Հայաստանում, վերահաստատել է, որ Գերմանիան պատրաստակամ է օգնել խնդրի առնչությամբ խաղաղ լուծումներ գտնելուն` միաժամանակ շեշտելով, որ ՀՀ-ում ձևավորված նոր կառավարությունը կարող է նպաստել այս հարցում առաջընթաց գրանցելուն։

Այսպիսով, Հարավային Կովկասի երեք երկրների հետ առանձին օրակարգերը հստակեցնելուց զատ` Մերկելը կարևորեց Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման անհրաժեշտությունը, ինչը բավական կարևոր է ԵՄ համար տարածաշրջանում ունեցած շահերն առաջ մղելու տեսանկյունից:

Իզաբել Շատոյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում