Մշակույթի նախարարությունը նպատակ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկը համալրել նոր հուշարձաններով 

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը նպատակ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկը համալրել նոր հուշարձաններով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը: Նրա խոսքով՝ այս համատեքստում ընթանում են լուրջ աշխատանքներ:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդամենը մի քանի հուշարձան ունենք գրանցված, ինչն աբսուրդային է: Այդ թիվը պետք է տասնապատկվի, հարյուրապատկվի, որովհետև մենք իրոք ունենք արժանի հուշարձաններ: Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում, բայց դա հեշտ աշխատանք չէ»,-նշեց Տիգրան Գալստյանը: Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ- ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ցայսօր ընդգրկված են Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Գեղարդավանքը՝ Ազատ գետի հովտով, Էջմիածնի եկեղեցիներն ու Մայր տաճարը, «Զվարթնոց» հնավայրը:

«Կան հուշարձաններ, որոնք կցանկանայինք ներառված լինեին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, օրինակ՝ Նորավանքը, որն անպայման պետք է մտնի այդ ցանկ: Բացի դրանից, բազմաթիվ այլ հուշարձաններ կան, որոնք արժանի են լինել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում»,-նշեց նախարարի տեղակալը:

Տիգրան Գալստյանն առանձնահատուկ շեշտում է՝ հուշարձանների պահպանության թեման ամենազգայունն է մշակույթի ոլորտում, քանի որ ամեն մի հուշարձանի քանդումը նախորդ տարիներին ուղեկցվել է շատ բուռն ցույցերով: «Մշակույթի նախարարությունն ունի երկու մեծ ֆունկցիա՝ մշակութային քաղաքականության ձևավորում և հուշարձանների պահպանություն: Վերջինս մեծ նշանակություն ունի նախարարության համար»,-առանձնահատուկ նշում է նախարարի տեղակալը՝ հիշեցնելով, որ փորձագիտական հանձնաժողովը վերջերս միաձայն կողմ քվեարկեց մի շարք կառույցներ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկելու առաջարկին:

«Սա շարունակական գործընթաց է, հուշարձանների ցուցակը միշտ պետք է համալրել: Մեր աչքի տակ հուշարձաններ կան: Մենք առաջարկել ենք նաև, որ հանրությունը ևս մասնակցի այդ գործընթացին, և բոլոր առաջարկները կքննարկվեն փորձագիտական հանձնաժողովի նիստում»,-նշեց Տիգրան Գալստյանը:

Անդրադառնալով հայաստանյան թանգարանների հետ կապված հարցերին՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալն ընդգծեց, որ այս առումով ևս մեծ աշխատանքներ կան կատարելու: Տիգրան Գալստյանի խոսքով՝ Եվրոպայում իր սովորելու տարիներին տեղի ուսանողներն անվճար էին օգտվում բոլոր թանգարանների ծառայություններից: Նախարարությունը ցանկություն ունի նման համակարգ ներդնել նաև մեր ուսանողների համար, որպեսզի նրանք նույնպես կարողանան անվճար այցելել բոլոր թանգարանները:

Նախարարի տեղակալի խոսքով՝ հայաստանյան տարբեր թանգարաններում մենք ունենք բացառիկ նմուշներ, որոնք տեսնելու համար մարդիկ պետք է հերթեր կանգնեն: Այս համատեքստում պետք է աշխատել այն ուղղությամբ, որ առարկաները լավ, ճիշտ ներկայացված լինեն: Մյուս կողմից, ըստ Տիգրան Գալստյանի, որոշ թանգարաններում առկա են օդափոխության հետ կապված խնդիրներ, որոնք ևս լուծում պետք է ստանան:

Ռոզա Գրիգորյան

Հայերեն English Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան