Համամասնական բաց, թե փակ ցուցակներ. տարակարծություններ ընտրակարգի հարցում. քաղաքագետի անդրադարձը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱԺ աշխատանքային խումբն ավարտել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկումների փուլը: Ձևավորված առաջարկների նախնական փաթեթը կուղարկվի վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխումների հանձնաժողով: Աշխատանքային խմբի կազմած նախագծում, բացի ԱԺ 4 խմբակցությունների տեսակետներից, ներառվել են նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների առաջարկները: Ենթադրելի է, որ հանձնաժողովը կուսումնասիրի ԱԺ ներկայացրած առաջարկների փաթեթը և հանդես կգա դրա վերաբերյալ սեփական մեկնաբանություններով:

Ուսումնասիրելով 2 աշխատանքային մարմինների կողմից հնչեցված նախնական առաջարկներն ու օրենսդրական կարգավորման մեխանիզմների հնարավոր տարբերակները՝ կարելի է նկատել, որ այդ դրույթների մեծ մասը հիմնականում համընկնում են: Դրանց թվում են Հանրային հեռուստաընկերությամբ և Հանրային ռադիոյով տրամադրվող անվճար եթերաժամերի ավելացման, ընտրական շեմի իջեցման, հեռուստաբանավեճերի կազմակերպման, կանանց քվոտավորման, ընտրակեղծիքները բացառող նոր մեխանիզմների ներդրման և այլ դրույթները:

Միակ առանցքային և վիճահարույց հարցը, որի վերաբերյալ առկա է որոշակի տարակարծություն, ընտրակարգի ընտրությունն է:

ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները, ի տարբերություն «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների, որոնք նպատակահարմար են գտնում փակ ցուցակներով պարզ համամասնական ընտրակարգի կիրառումը, հանդես են եկել համամասնական բաց ցուցակներով ընտրակարգի օգտին: Թեմայի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել նաև վարչապետին առընթեր հանձնաժողովը՝ առաջարկելով անցում կատարել պարզ համամասնական համակարգին (փակ ցուցակներով):

Բաց ցուցակներով համամասնական համակարգը ենթադրում է, որ ընտրության ժամանակ քաղաքացիները, բացի կուսակցությանը իրենց քվեն տալուց, պետք է քվեարկեն նաև կուսակցական ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկի օգտին: Իսկ փակ ցուցակներով ընտրակարգի պարագայում ընտրողներն իրենց ձայնը տալիս են միայն կուսակցությանը: Ճիշտ է, քվեաթերթիկի վրա նշվում են միայն ցուցակի առաջին 3 թեկնածուների անուն-ազգանունները, բայց մյուս թեկնածուների հերթական համարների դասավորվածությունը ևս նախապես հրապարակվում է:

Հիրավի, անվիճարկելի է պնդումը, որ բաց ցուցակներով համամասնական ընտրակարգն ժողովրդավարության տեսանկյունից առավել ընդունելի տարբերակ է: Այս համակարգի գործառնության պարագայում քաղաքացիներն հնարավորություն են ստանում իրենք որոշել ցուցակում ընդգրկված թեկնածուների հերթականությունը և ըստ այդմ` նաև իրենց կուսակցության՝ ԱԺ-ում ներկայացվելիք հավանական կազմը: Սակայն, արտաքուստ ինչքան էլ ակնառու լինեն այս ընտրակարգի առավելությունները, պետք է նախևառաջ հաշվի առնել տվյալ հասարակության քաղաքական մշակույթի յուրահատկությունները: Այստեղ էական նշանակություն ունեն քաղաքացիների ընտրական վարքի առանձնահատկությունները և դրա վրա ազդող գործոնների ուսումնասիրությունը:

Անդրադարձ կատարելով ՀՀ ԱԺ 2017 թվականի ընտրություններում կիրառված ռեյտինգային համակարգին և այդ ժամանակ քաղաքացիների ընտրական վարքի դրսևորումներին՝ տեսանելի է դառնում, որ մրցակցությունը հիմնականում տեղի է ունեցել անձերի միջև, ինչի արդյունքում հետին պլան է մղվել կուսակցական, գաղափարական մրցակցությունը: Ակնհայտ է, որ առաջարկվող բաց ցուցակներով ընտրակարգի պարագայում տեղի է ունենալու նորից անձնավորված ընտրություն, ինչը գործնականում չի տարբերվելու նախորդ ռեյտինգային համակարգից:

2015 թվականի ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում հաստատվել է խորհրդարանական կառավարման համակարգ, որն ավելի շատ ենթադրում է ոչ անձնավորված, կուսակցական մրցակցություն: Ուստի, հաշվի առնելով Հայաստանի քաղաքական առանձնահատկությունները, առավել նպատակահարմար է հենց փակ ցուցակներով ընտրակարգի կիրառումը: Այն հնարավորություն կընձեռի քաղաքացիներին ընտրություն կատարել կուսակցական ծրագրերի միջև, ինչը կմեծացնի նաև հավատը դեպի կուսակցական գաղափարախոսությունները:

Պարզ համամասնական համակարգով ընտրությունը հեշտ կազմակերպելի է նաև տեխնիկական առումով, քանի որ ընտրողները ստիպված չեն լինի փնտրել իրենց նախընտրելի թեկնածուի համարը քվեաթերթիկում ընդգրկված 100-ից ավել թեկնածուների ցուցակում:

Իսկ ինչ վերաբերում է արդեն կուսակցական ցուցակների՝ ժողովրդավարական մեխանիզմներով կազմելու խնդրին, ապա այստեղ օգնության է գալիս ԱՄՆ-ում լայն կիրառում ստացած «փրայմերիզի» մեխանիզմի կիրառումը: Այն իրենից ենթադրում է նախնական քվեարկություն կուսակցությունների ներսում, ինչի շնորհիվ կուսակցությունները հնարավորություն կունենան հասարակական նախապատվությունների հիման վրա կազմելու սեփական ցուցակում ընդգրկված թեկնածուների հերթականությունը:

Մնում է հուսալ, որ Հայաստանում կհետևեն համաշխարհային փորձի դրական օրինակներին, ինչն էլ իր հերթին կնպաստի խորհրդարանական համակարգի կայացմանն ու զարգացմանը:

Մովսես Հարությունյան,

Քաղաքագետ

Հայերեն

Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմով պատմելը եղել է Նոնո Սարգսյանի երազանքը

Իսլամական հեղափոխության առաջնորդը Թեհրանում հանդիպել է ՀԱՄԱՍ–ի ղեկավարների հետ

Ախուրյանի համայնքապետարանը պատրաստվում է շարժական սպանդանոց կառուցել

Շվեդիայի իշխանությունները ծրագրում են խստացնել զենքի մասին օրենքը Էռեբրու քաղաքում զանգվածային հրաձգությունից հետո

Սլովակիայում հազարավոր մարդիկ ցույցեր են անում՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը

Արաղչին ու Գալագերը քննարկել են Իրանի և Վատիկանի հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները

Կառավարությունը հանձնարարել է գույքագրել հրդեհից տուժածների առաջնային կարիքներն ու ցուցաբերել աջակցություն. Լոռու մարզպետ

Ստեփանավանում բազմաբնակարան շենքում հրդեհից տուժած 6 քաղաքացի դիմել է բուժօգնության, 3-ն այրվածքներով տեղափոխվել են Երևան

Ստեփանավանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հայտնաբերվել է 1 քաղաքացու դի

ՆԳ նախարարը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է ձերբակալվածների պահման վայրերում անձանց իրավունքների և այլ հարցեր