ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը հուլիսի 31-ին իր դռները բացեց Իտալիայի Հանրապետության նախագահի դուստր Լաուրա Մատարելայի առջև: Նրան ուղեկցում էին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տիկին Իրինա Իգիթխանյանն ու ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանի տիկին Դիան Մարի Ռիսոպուլոսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը հյուրերին պատմեց նկարչի ստեղծագործական կյանքի տարբեր շրջանների մասին: Ռուզան Սարյանի խոսքով` տուն-թանգարանի յուրահատկությունն այն է, որ սկսել է գործել Մարտիրոս Սարյանի կենդանության օրոք: Ներկայացված է նկարչի գործունեության ողջ ուղին` նաև նրա ստեղծած առաջին դիմանկարները, բնանկարները, նատյուրմորտները:
Հյուրերը հատկապես մեծ ուշադրություն դարձրին Սարյանի «Սեր: Հեքիաթ» կտավին, որը հիշեցնում է Գուստավ Կլիմտի հանրահայտ «Համբույր»-ը, սակայն ստեղծվել է Կլիմտի գործից մեկ տարի առաջ:
Տուն-թանգարանի տնօրենն ասաց, որ Սարյանը ռուս կոլեկցիոներներից մեկի հավաքածուում ծանոթացել է իմպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչների ստեղծագործություններին, սակայն, գնահատելով արևմտյան արվեստը, ոչ թե Փարիզ է մեկնել, այլ արևելք` Թուրքիա, Եգիպտոս, Պարսկաստան: Հենց այդ երկրներում են ծնվել հեղինակի բազմաթիվ սիրված գործեր:
Տուն-թանգարանի բոլոր սրահներում շրջելուց հետո հյուրերը կոնյակ ըմպեցին վարպետի ճաշասենյակում: Ռուզան Սարյանը նրանց նվիրեց Մարտիրոս Սարյանի մասին պատմող ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի «Ծաղիկներ» ֆիլմի խտասալիկը, նկարչի կտավների վերատպություններով աքսեսուարներ և ալբոմներ:
Հյուրերը հեռացան` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: