Հասարակական

Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել Վրաստանում անցկացվելիք զորավարժությունից, որոնց մասնակցելու է նաև Հայաստանը

2 րոպեի ընթերցում

Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել Վրաստանում անցկացվելիք զորավարժությունից, որոնց մասնակցելու է նաև Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 30ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 1-ից 15-ը Վրաստանում կայանալիք «Վեհանձն գործընկեր – 2018» (Noble Partner - 2018) զորավարժությանը հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով, սակայն այն չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Զորավարժությանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ 4 սպաներից բաղկացած խումբը: ՀՀ ԶՈՒ սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում: Ընտրվել են միջազգային խաղաղության և կայունության առաքելություններում ՀՀ ստորաբաժանումների կողմից կատարվող խնդիրներին առնչվող պաշտոններ:

Զորավարժությունն անցկացվելու է համատեղ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Վրաստանի զինված ուժերի կողմից Վրաստանի Վազիանի և Նորիո ուսումնական կենտրոններում: Զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով:

Զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով:

2017թ. նույն զորավարժությանը ՀՀ զինված ուժերից մասնակցել է 40 հոգանոց անձնակազմ ունեցող դաշտային հոսպիտալը: 2018 թվականին ԱՄՆ աջակցությամբ ձեռքբերված և պատրաստվող դաշտային հոսպիտալի մասնակցությունը «Վեհանձն գործընկեր – 2018» զորավարժությանը հնարավոր չէ, քանի որ հոսպիտալը հուլիսի 22-ից 27-ը Հայաստանում ներգրավված է եղել միջազգային գնահատման զորավարժություններում, և մի քանի օրերի ընթացքում դրա վերատեղակայումը այլ վայրը հնարավոր չէ: ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցության ձևաչափը և մասնակցության պայմանները համաձայնեցվել են վրացի գործընկերների հետ հունիսի սկզբին տեղի ունեցած զորավարժության պլանավորման համաժողովի ընթացքում»,- գրել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում