Մշակույթ

Հասմիկ Պապյանն ու Նարե Արղամանյանը հանդես կգան «Մոնտե Կառլո» օպերային թատրոնում Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ

4 րոպեի ընթերցում

Հասմիկ Պապյանն ու Նարե Արղամանյանը հանդես կգան «Մոնտե Կառլո» օպերային թատրոնում Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնակոյում սեպտեմբերի 2-3-ը կանցկացվեն Հայաստանի օրեր՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին: Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, նախատեսված է համերգ համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի և աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանի մասնակցությամբ: Համերգը կայանալու է «Մոնտե Կառլո» օպերային թատրոնում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի օրերը Մոնակոյում, «ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO» խորագրով միջոցառման նախաձեռնող և կազմակերպիչ Վրույր Փենեսյանը նշեց, որ վայրի ընտրությունը պատահական չէ:

«Հենց այդ համերգասրահում էր, որ 1974 թվականին Արամ Խաչատրյանը համերգով հանդես եկավ: Նախատեսված համերգից առաջ «Մոնտե Կառլո» օպերային թատրոնի նախասրահում կկազմակերպվի Արամ Խաչատրյանի լուսանկարների ցուցահանդես: Համերգը կրելու է բարեգործական բնույթ, որը միտված կլինի աջակցելու Հայաստանում գործող «Օգնեմ» և «Ֆոնդ 100» հիմնադրամներին»,-ասաց Վրույր Փենեսյանը: Երկրորդ օրը նախատեսվում է Մոնակոյի հյուրանոցներից մեկում կազմակերպել հայկական լյուքս դասի արտադրանքի ցուցադրություն: Ներկայացվելու են հայկական կոնյակն ու գինին:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը նշեց, որ հրաշալի հնարավորություն է հոբելյանական տարում մեծ մաեստրոյին ներկայացնել Մոնակոյում մի շատ հետաքրքիր ցուցադրությամբ:

«Ասեմ, որ արդեն ապրիլին նման ցուցահանդես կազմակերպվեց Մալթայի մայրաքաղաք Վալետայում, որն այս տարի Եվրոպայի մշակութային մայրաքաղաքն է: Այդ ցուցադրությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց, և ես շատ ուրախ եմ, որ առաջարկ եղավ այդպիսի ցուցադրությամբ ներկայանալ Մոնակոյում՝ մի երկրում, որտեղ հանդես է եկել Արամ Խաչատրյանը»,-ասաց Արմինե Գրիգորյանը՝ ներկայացնելով հետաքրքիր պատմություն Արամ Խաչատրյանի՝ Մոնակո կատարած այցելության հետ: Երբ նա հյուրընկալվել է Ֆրանսիայում, աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ որոշել են այցելել Մոնակո: Այդ ժամանակ Մոնակոյի արքայազնն իր կնոջ հետ երկրում չի, իսկ երբ իմացել է, թե ինչ հյուրեր են եկել, իրենց այցը ընդմիջել են և վերադարձել Մոնակո, որպեսզի ընդունեն նրանց: Այդ ժամանակ արքայազնն Արամ Խաչատրյանին առաջարկել է 1974 թվականին անցկացվող փառատոնի շրջանակում ելույթ ունենալ, և ստեղծագործություն գրել հատուկ այդ փառատոնի բացման արարողության համար:

Այժմ այդ նույն բեմում են հանդես գալու Հասմիկ Պապյանն ու Նարե Արղամանյանը:

«Շատ ուրախ եմ, որ առիթ ունեմ նորից վերադառնալ «Մոնտե Կառլո» օպերային թատրոն՝ հանդես գալու այսպիսի բացառիկ համերգով: Պետք է ասեմ, որ այս օպերային թատրոնն ընդհանրապես Եվրոպայի համերգասրահների, թատրոնների մարգարիտներից մեկն է: Համերգին հնչելու են բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի»,-ասաց Հասմիկ Պապյանը: Նա «Մոնտե Կառլո» օպերային թատրոնում երգել է նաև 2009 թվականին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում