ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա, որտեղ կմասնակցի Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված ՀՀ սահմանամերձ համայնքների զարգացման ու ամրապնդման հիմնախնդիրների լուծմանը նվիրված գործարար համաժողովին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:
Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը,ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Տիգրան Արզումանյանը, ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական զարգացմանը համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանը և այլ պաշտոնատար անձինք։