ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան միացել են Թաիլանդի քարաձավում 12 պատանիների որոնումներին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի զինծառայողները եւ բրիտանացի ջրասուզակները միացել են որոնողափրկարարական աշխատանքներին Թաիլանդի Չիանգրայի նահանգի լեռնային պարկի քարանձավի շրջանում, որտեղ մի քանի օր առաջ կորել Է ֆուտբոլի պատանեկան թիմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ինտերֆաքս»-ը: The National թաիլանդական թերթը գրում Է, որ «բրիտանացի երեք ջրասուզակները Չիանգրայ են ժամանել հունիսի 27-ի երեկոյան»:
Թաիլանդում արդեն հինգերորդ օրն Է՝ շարունակվում են կորած 12 դեռահասների ու ֆուտբոլի նրանց մարզչի որոնումները: Ենթադրվում Է, որ պատանի ֆուտբոլիստները եւ նրանց ուսուցիչը հեղեղումների պատճառով արգելափակված են մնացել Թհամ Լուանգի քարանձավում: Որոնողական աշխատանքների անցկացումը դժվարացնում են այդ շրջանում շարունակվող հորդառատ անձրեւները: Դեռահասների խմբի հետ կապը կորել Է անցած շաբաթ օրը՝ հունիսի 23-ին:
Այդ ժամանակվանից թիմից ոչ ոք կապի մեջ չի մտել: Միակ բանը, որը մատնանշում Է նրանց գտնվելու վայրը, հեծանիվներն են, որոնք թողել են քարանձավի մուտքի մոտ: Փրկարարները փորձեր են ձեռնարկել ջուրը պոմպով դուրս մղել քարանձավի հեղեղված տեղամասերից, սակայն այդ ջանքերը զուր են անցել այն բանից հետո, երբ լույս հունիսի 27-ի գիշերը անձրեւներն ուժեղացել են, եւ քարանձավում ջրի մակարդակը կրկին զգալիորեն բարձրացել Է: Անձրեւների տարեշրջանում, որը Թաիլանդում շարունակվում Է հունիս ամսից մինչեւ հոկտեմբեր, ջրի մակարդակը քարանձավում բարձրանում Է մինչեւ 5 մետր:
Սակայն, ինչպես նշվում Է, Թհամ Լուանգի քարանձավային համալիրում կան անխորտակելի չոր խցեր, որոնցից մեկում Էլ կարող են գտնվել դեռահասները: Ուստի, փրկարարների խոսքով, մեծ Է այն բանի հավանականությունը, որ երեխաները եւ մարզիչը ողջ են, թեեւ, ինչպես նշում են իշխանությունների ներկայացուցիչները, դեռահասներն իրեց հետ ուտելիք չունեն: Կորած խմբում 11-ից մինչեւ 16 տարեկան դեռահասներ են, նրանց մարզիչը՝ 25 տարեկան Է: Պատանի ֆուտբոլիստների որոնումներն սկսվել են հունիսի 23-ի ուշ երեկոյան այն բանից հետո, երբ նրանց ծնողները տեղեկացրել են, որ երեխաները տուն չեն վերադարձել: