Հասարակական

Սուրեն Պապիկյանն  ընդունել է Ճապոնիայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն  ընդունել է Ճապոնիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ջուն Յամադային։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ շատ բարձր է գնահատում հայ-ճապոնական գործընկերային հարաբերությունները, որի վկայությունն են հանդիսանում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող մի շարք աջակցության ծրագրերը։ Նախարարը բարձր է գնահատել տնտեսության, տարածքների համաչափ զարգացման, աղետների կանխարգելման ոլորտներում Ճապոնիայի թռիչքային և առաջանցիկ զարգացման փորձը և հավելել, որ Հայաստանի համար դրանք ունեն փորձագիտական նշանակություն։ «Կարծում եմ, Ճապոնիայի ունեցած փորձը հնարավորություն կտա և կօգնի մեզ ավելի ճիշտ գնահատել ու օգտագործել մեր ունեցած ռեսուրսներն ու հնարավորությունները»,- ասել է նախարարը:

Դեսպան Ջուն Յամադան շնորհակալություն հայտնելով նախարար Պապիկյանին ընդունելության համար և շնորհավորելով նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ընդգծել է, որ տարածաշրջանների միջև զարգացման տարբերությունների հարթեցումը, բնական աղետների դեմ պայքարը երկու պետությունների համար էլ հանդիսանում են առաջնահերթություն։ Դեսպանը վստահեցրել է, որ Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամ է կիսվել այս ոլորտներում իր արձանագրած հաջողությունների փորձով։Կարևորելով խոշոր քաղաքների և հարևան վարչատարածքային միավորների համաչափ զարգացման ճապոնական հարուստ և բազմադարյա փորձը և այդ ոլորտում անցկացնելով համեմատական զուգահեռներ՝ նախարար Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև առկա գործընկերային և կառուցողական հարաբերություններն առաջիկայում համագործակցության նոր եզրեր կուրվագծեն։

Հանդիպմանը քննարկվել են նաև համայնքների տնտեսական կարողությունների զարգացման, բնական արհավիրքների կանխարգելման և ռիսկերի կառավարմանն ուղղված մի շարք հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում