Հասարակական

Փոփոխություն պահանջողը ես չեմ, հանրությունն է. Սուրեն Պապիկյանը` մարզերում ցույցերի մասին

2 րոպեի ընթերցում

Փոփոխություն պահանջողը ես չեմ, հանրությունն է. Սուրեն Պապիկյանը` մարզերում ցույցերի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կարծում է՝ պարբերաբար կրկնվող ցույցերը քաղաքի բնականոն կյանքը խաթարում են, բայց, եթե դա հանրության ցանկությունն է, ինքը ոչինչ անել չի կարող: «Փոփոխություն պահանջողը ես չեմ, հանրությունն է, նա կարող է դա պահանջել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը: Նա նկատեց, որ ներկայում միայն Էջմիածին քաղաքում է ցույց, ուր պահանջում են գործող քաղաքապետի հրաժարականը:

Անդրադառնալով նորանշանակ պաշտոնյաների կողմից հնարավոր կադրային ջարդին՝ նախարարն ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում: Երբ լրագրողն օրինակ բերեց Շիրակի մարզպետին, ով իբրև հայտարարել է, որ պահակից մինչև մարզպետի տեղակալ փոփոխություններ է անելու, Սուրեն Պապիկյանն ասաց. «Կան հայեցողական պաշտոններ, որը մարզպետն իր հայեցողությամբ կարող է փոխել, դա իր աշխատակազմն է, մնացածը լինում է մրցութային կարգով: Այս պահին մրցույթներ անցկացվել չեն կարող, քանի որ փոփոխություն է տեղի ունենում նաև քաղծառայողի ինստիտուտում: Հուլիսի 1-ից հետո դա իրականացնել պարզապես հնարավոր չէ»:

Սուրեն Պապիկյանը նշեց նաև, որ նոր Հայաստանում գերակա է օրենքը, անկախ մարդու քաղաքական անցյալից, նրա նախկին կենսաձևից, չի կարող լինել մի պաշտոնյա, ով օրենքով իրեն չվերապահված իրավասություններ կունենա: Ցանկացած այդպիսի դեպք, նրա խոսքով, կպատժվի օրենքով սահմանված կարգով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում