Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնյան կոշտ պատասխան է տվել ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին

2 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ պաշտոնյան կոշտ պատասխան է տվել ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի նախագահի տեղակալ Արտյոմ Կոժինը կոշտ պատասխան է տվել ադրբեջանցի լրագրողի սադրիչ ձևակերպումներով հարցին՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իր հարցում ադրբեջանցի լրագրողն օգտագործել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներ» արտահայտությունը, իսկ Արցախի իշխանություններին անվանել «անօրինական ռեժիմ», ինչը ՌԴ ԱԳՆ պաշտոնյային ստիպել է կոշտ պատասխան տալ լրագրողի հարցին:

Ներկայացնում ենք ադրբեջանցի լրագրողի և Արտյոմ Կոժինի հարցուպատասխանը.

«Իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն անհնար են առանց Ադրբեջանի օկուպացված տարածքներում ձևավորված անօրինական ռեժիմի մասնակցության: Որքանո՞վ են նման հայտարարությունները բարդացնում կարգավորման գործընթացը և խանգարում կողմերին ընդհանուր լեզու գտնել»,- հարցրել է լրագրողը:

Ի պատասխան Արտյոմ Կոժինն ասել է. «Ձեր բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում ԵԱՀԿ-ի ամրագրած ռելսերի մեջ, հավանաբար, ոչ կառուցողական են»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն առանց բանակցություններին Արցախի մասնակցության անհնար է: ՀՀ վարչապետն ընդգծել էր, որ Հայաստանը բանակցում է իր անունից, իսկ Արցախի անունից պետք է բանակցեն Արցախի իշխանությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում