Տնտեսություն

Հայաստանը պատրաստ է ամենաբարենպաստ պայմաններն ստեղծել ֆրանսիացի գործարարների համար

2 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստ է ամենաբարենպաստ պայմաններն ստեղծել ֆրանսիացի գործարարների համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստ է ամենաբարենպաստ պայմաններն ստեղծել ֆրանսիացի գործարարների համար երկրում նոր ներդրումներ ներգրավելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում մայիսի 28-ին Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նրա խոսքով՝ կողմերը հանձնառու են ջանքեր գործադրել առևտրատնտեսական կապերը քաղաքական հարաբերությունների մակարդակին բարձրացնելու համար:

«Ֆրանսիական գործարարները զգալի ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ, և մենք պատրաստ ենք ամենաբարենպաստ պայմաններն ստեղծել նոր ներդրողների համար, որպեսզի տեսնենք ավելի շոշափելի արդյունքներ: Մենք կարծում ենք, որ դրա նախադրյալները կան, բայց դրանց մասին խոսելը չի կարևոր, այլ տեսնելը, շարունակել աշխատելը: Մենք կարծում ենք, որ շատ շուտով դա կունենա կիրառական արտահայտություն»,-ավելացրեց ՀՀ ԱԳ նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը տնտեսական համագործակցությունը խորացնելու համատեքստում կարևորեց նաև Զարգացման ֆրանսիական գործակալության և Տնտեսական համագործակցության նպատակով ներդրումների և խթանման Proparco ընկերության՝ Հայաստանում հաստատման ու գործունեության մասին համաձայնագրի կնքումը:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը մայիսի 28-ին այցելել է Հայաստան: Ֆրանսիայի արտգործնախարարն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետև մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձանի բացմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում