Արցախ

Հեռուստամարաթոնի ծրագրում կրկին կներառվեն Արցախում խորքային հորերի, ոռոգման ցանցի և արևային էներգիայի նախագծերը

3 րոպեի ընթերցում

Հեռուստամարաթոնի ծրագրում կրկին կներառվեն Արցախում խորքային հորերի, ոռոգման ցանցի և արևային էներգիայի նախագծերը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2018 թվականի հեռուստամարաթոնի ծրագրում կրկին կներառվեն Արցախում խորքային հորերի հորատման, ոռոգման նոր ցանցի կառուցման և արևային էներգիայի համակարգի ներդրման նախագծերը: Այս առաջարկն արեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում, ինչն ընդունվեց միաձայն:

Բակո Սահակյանը նշեց, որ 2017 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա ծրագրերում ընդգրկվեցին Արցախում խորքայի հորերի հորատման, ոռոգման նոր ցանցի կառուցման և արևային էներգիայի համակարգի ներդրման նախագծերը: Ասկերանի, Մարտունու շրջանում նոր խորքային հորեր են շահագործման հանձնվել մի քանի համայնքներում: Ընդհանուր առմամբ, Ասկերանի շրջանում ոռոգման ջրով ապահովվել է 50 հա հողատարածք, Մարտունու շրջանում՝ 126 հա: Ներկայում Արցախում փաստացի ոռոգվում է 1 550 հա այգի, որից 520 հա-ն՝ խաղողի, 850 հա-ն՝ նռան, մնացածն այլ պտղատեսակի:

«Հորատվող 37 խորքային հորերի միջոցով նախատեսվում է ոռոգելի դարձնել լրացուցիչ 900 հա տարածք: Նախատեսվում է խորքային հորերի ջրային պաշարներն օգտագործել ամբողջությամբ կաթիլային համակարգերով ոռոգման համար: Տարածքները ոռոգելի դարձնելով՝ ակնկալում ենք բերքատվության մոտ 2 անգամ բարձրացում: Բնական է, այս ամենն իր դրական ազդեցությունն է ունենալու ոչ միայն տնտեսության վրա, այլև սոցիալական ու ժողովրդագրական հարթությունում: Խորքային հորերի հորատման ծրագիրը հնարավորություն կստեղծի լուծել շուրջ 850 ընտանիքի զբաղվածության հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Բակո Սահակյանը:

Անդրադառնալով արևային էներգիայի համակարգի ներդրման աշխատանքներին՝ Արցախի Հանրապետության նախագահը նշեց, որ Շուշիի շրջանում՝ Քարին տակ գյուղում, բոլոր տների տանիքներին տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ: Նման համակարգեր են տեղադրվում Շուշիի և Ասկերանի քաղաքների հիվանդանոցներում, Ասկերանի շրջանի 9 մանկապարտեզում և մեկ համայնքային կենտրոնում: Մոտ մեկուկես ամսից Ասկերանի, Շուշի շրջաններում կմեկնարկի արևային էներգիայից հոսանք ստանալու համակարգի տեղադրման գործընթացը: Նախատեսվում է նման համակարգերի տեղադրում Արցախի ամբողջ տարածքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում