Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի Հանրապետության 100-ամյակներին Ազգային արխիվը ներկայանալու է նոր հրատարակություններով եւ ցուցահանդեսներով
7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակներին նվիրված Հայաստանի ազգային արխիվը կազմակերպել է ցուցահանդեսներ, գիտաժողովներ եւ հրատարակության պատրաստել մի շարք աշխատություններ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մայիսի 23-ին կայացած ասուլիսում ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նա հայտնեց, որ մայիսի 22-ին Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում անցկացված գիտաժողովի ժամանակ ներկայացվել է «Մայր Աթոռ Սբ․ Էջմիածինը 1914-1920 թթ» երկհատորյա աշխատությունը, որն ընդգրկում է Առաջին համաշխարհային պատերազմից մինչեւ առաջին հանրապետության անկումն ընկած ժամանակահատվածին։ Երկհատորյակը պատրաստել է Ազգային արխիվը, իսկ տպագրել՝ Մայր Աթոռը։ Հատորներից յուրաքանչյուրը բաղկացած 700-800 էջերից։
Հաջորդը՝ հայ սպաներին նվիրված հանրագիտարանն է։ Այն նույնպես երկու հատորից է կազմված, առաջինն արդեն պատրաստ է, իսկ մինչեւ ամռան վերջ լույս կտեսնի նաեւ երկրորդը։ Հատորներից յուրաքանչյուրն ավելի քան 1000 էջ է։ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հանրագիտարանը կազմելու համար ուսումնասիրել են 1914թ․-ից մինչեւ 1921-ը ներառյալ ամբողջ մամուլը, Ռազմական նախարարությունից պահպանված փաստաթղթերը, Ռուսաստանի արխիվները, իսկ ամենակարեւոր աղբյուրը 1937 թ-ի բռնադատումներին վերաբերող փաստաթղթերն են։ Նշենք, որ մայիսյան հերոսամարտերին մասնակցած զինվորականության մեծ մասը 1937-38 թթ գնդակահարվել է։
«Նրանց գործերը պահպանվել են որպես նախկին սպաների։ Եզակիներին է հաջողվել փրկվել, որոնցից մեկն էլ եղել է Հովհաննես Բաղրամյանը։ Այդ ժամանակ են գնդակահարվել Սիլիկյանը, Արարատովը եւ ուրիշներ։ Բոլորը գնդակահարվել են ներկայիս Ազգային անվտանգության ծառայության շենքի նկուղում, որը հետագայում դարձել էր կրակել սովորելու վայր ապագա չեկիստների համար։ Գնդակահարվածներին գիշերները մեքենայով տարել են եւ թաղել եղբայրական գերեզմանոցներում։ Ենթադրում ենք, որ եղբայրական գերեզմաններից մեկը գտնվել է «Հրազդան» մարզադաշտի տարածքում, որտեղ այդ տարիներին բնակավայր չի եղել։ Հետագայում այդ ամենը մաքրվեց եւ կառուցվեց մարզադաշտը»,- մանրամասնեց Վիրաբյանը։
Երրորդը՝ ռուս գործընկերների հետ միասին պատրաստած «Կովկասյան ռազմաճակատ» գիրքն է՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին։ Ազգային արխիվի տնօրենը նշեց, որ գրքում տեղ են գտել Ռուսաստանի արխիվներում պահվող ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր, որոնք առաջին անգամ են հրապարակվելու։ Գրքի շնորհանդեսը հոկտեմբերին կկայանա Մոսկվայում, այնուհետեւ՝ Երեւանում։
Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հատուկ պատանիների եւ երիտասարդների համար վաղը ՀՅԴ-ի հետ համատեղ կբացվի 100-ամյակներին նվիրված ցուցահանդես։ Այն նախատեսված է բացել նաեւ Հայաստանի պատմության թանգարանում։
«Մայիսի 26-ին ժամը 12-ին ցուցահանդես եւ գիտաժողով տեղի կունենա Ապարանում՝ նվիրված Բաշ-Ապարանի ճակատամարտին։ Մայիսի 28-ին ցուցահանդես կբացվի Ստեփանակերտում։ Ամատունի Վիրաբյանը ափսոսանք հայտնեց, որ վերջին իրադարձությունների հետ կապված, մարզերում նախատեսված միջոցառումների մի մասը, ինչպես օրինակ՝ Վանաձորում Ղարաքիլիսայի ճակատամարտին նվիրված ցուցահանդեսը, չեղարկվել են»,- ասաց Ազգային արխիվի տնօրենը։
Արխիվը շարունակում է համալրվել։ Վերջերս արխիվացվել են մինչեւ 2018 –ը ներառյալ ՀՀ կառավարության, ինչպես նաեւ նախագահական համակարգի շրջանի ՀՀ նախագահի աշխատակազմի՝ մինչեւ ապրիլի 9-ի բոլոր փաստաթղթերը, բացառությամբ գաղտնի բաժնից։
Պատմական նշանակության, բացառիկ համալրում է Արմեն Վեգների՝ ցեղասպանության մոտ 30 լուսանկարների բնագրերի ձեռքբերումը, որն իրականություն է դարձել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անմիջական օժանդակությամբ։ (1915 թ․-ին լուսանկարի բնագիրը՝ սեւանկարն արվում էր ապակու վրա)։ «Սա շատ մեծ հարստություն է, նման բան չէի էլ կարող երազել։ Բնագրերը ստացել ենք մոտ տաս օր առաջ։ Դրանք բոլորն էլ հրապարակված են, սակայն արժեքը նրանում է, որ բնագրերն ունենալը հնարավորություն կտա այսօրվա համակարգչային տեխնիկայի օգնությամբ կատարելության հասցնել եւ ունենալ բարձր որակի նկարներ»,- ընդգծեց բանախոսը։
Մայիսյան հերոսամարտերին վերաբերող փաստաթղթերի առումով Ազգային արխիվն այնքան էլ հարուստ չէ․ Սարդարապատի, Բաշ-Ապարանի ճակատամարտերի վերաբերյալ պահվում են հիմնականում մասնակիցների հուշերը։ Սարդարապատի ճակատամարտի վերաբերյալ բացառիկ փաստաթուղթ կարելի է համարել Հակոբ Կոջոյանի կողմից արված քարտեզները։ Նա 1918, թե 1919 թթ․ մասնակիցների պատմածների տպավորության տակ գունավոր՝ կանաչ, կարմիր եւ սեւ տուշով քարտեզներ է պատրաստել, որոնցից երկուսը պահվում են Ազգային արխիվում, իսկ երրորդի մասին տեղեկություն, ցավոք, չկա։
Բավականաչափ փաստաթղթեր կան Ղարաքիլիսայի ճակատամարտի վերաբերյալ, քանի որ այստեղ, ի տարբերություն Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի, չորսօրյա համառ դիմադրությունից հետո հայկական բանակը նահանջել է եւ պարտության պատճառներն ուսումնասիրելու համար ստեղծվել էր հանձնաժողով։ Հենց այդ հանձնաժողովի փաստաթղթեր էլ պահպանվել են։
Անդրադառնալով վերջերս մամուլում շրջանառվող բաց նամակին, որտեղ նշվում է, թե իբր ինքն ընտրողաբար է թույլատրում օգտվել արխիվից, Վիրաբյանը նշեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը եւ արխիվը բաց է բոլորի համար։ Այս տարիների ընթացքում միայն մեկ մարդու՝ Մայքլ Բաբայանի առջեւ է արգելք դրել, ով փորձել է արխիվը դարձնել իր համար բիզնեսի աղբյուր՝ կայք ստեղծելով եւ գումարի դիմաց փաստաթղթերը վաճառելով։ Հենց նա էլ, ըստ արխիվի տնօրենի՝ գրել է բաց նամակը, որը ստորագրած երեսուն հոգուց ընդամենը երեքն են դիմել արխիվ՝ Մ․ Բաբայանը, Վոլոդյա Հարությունյանը եւ Անուշ Ամսեյանը, մյուսները երբեւէ չեն դիմել արխիվից օգտվելու համար։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ