Մշակույթ

Մասիս Առաքելեանի մենահամերգին Կոմիտասի, Շումանի երկերը կներկայացվեն նոր մոտեցմամբ

3 րոպեի ընթերցում

Մասիս Առաքելեանի մենահամերգին Կոմիտասի, Շումանի երկերը կներկայացվեն նոր մոտեցմամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինաբնակ երգահան և տենոր Մասիս Առաքելեանի մենահամերգին կհնչեն Կոմիտասի, Ռոբերտ Շումանի և իր հեղինակային ստեղծագործությունները: Համերգային ծրագիրը կներկայացվի հունիսի 10-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Այն նվիրում է Էրեբունի-Երևանի 2800-ամյա տարեդարձին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մասիս Առաքելեանի համերգային գործունեությունն ուղղված է աշխարհում հայ երաժշտության ճանաչմանն ու տարածմանը։

Առաքելեանը մշակում է հին և ժամանակակից հայկական քնարական ստեղծագործություններ՝ դասական երգեցողությամբ նոր հնչողություն տալով դրանց։ Արվեստագետի առավել սիրված և հայտնի ծրագրերից «Կռունկ»-ը երաժշտական մի ճամփորդություն է, որտեղ հարյուրավոր տարիներ արևելքի և արևմուտքի մշակույթները հարստացնում են միմյանց։ «Կռունկ»-ը պատմում է տարբեր մշակույթներում անտուն ճամփորդի փնտրտուքների մասին: «Կռունկ»-ը հասնում է մեր ակունքների խորքը՝ գտնելու լույսը: Մասիս Առաքելեանը երևան է բերում Կոմիտասի բազմաթիվ երգերի թաքնված մոգական գաղտնիքները, նորովի է բացահայտում Սայաթ-Նովայի երաժշտությունը։

Նա կազմել և ներկայացնում է իր սեփական պոեզիան, կոմպոզիցիաներն ու նոր գեղարվեստական մշակումները վերջին երեք հարյուր տարվա հայկական երգարվեստից։

Հնդկաստանում տեղի ունեցած մենահամերգին, որի ընթացքում նա երգել է միայն հայերեն, ներկա են եղել ավելի քան 150 ազգերի ներկայացուցիչներ։ Երաժշտասերներից շատերը, կիսելով իրենց տպավորությունները, ոգևորությամբ նշել են. «Կարևոր չէր, որ բառերը չհասկացանք։ Երաժշտությունն այնքան ազդեցիկ է, որ ուղղակիորեն մտնում է մարդու սիրտը»։

Մասիս Առաքելեանը ծնվել է Սպահանում (Իրան)՝ հայկական ընտանիքում։ Տասնմեկ տարեկանում սկսել է եկեղեցական երգեցողություն սովորել դիրիժոր Մովսես Փանոսեանի մոտ՝ որպես մենակատար։ Տասներեք տարեկանում արդեն Իրանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպված երիտասարդական թատերական մրցույթում ստացել է առաջին մրցանակը։ Մասնագիտական կրթություն է ստացել նաև Գերմանիայում՝ որպես դասական տենոր և կոմպոզիտոր։ Ապրում և ստեղծագործում է Բեռլինում։ Մասիս Առաքելեան երգահանն երգեր է սկսել գրել դեռ քսան տարեկանից: Նա մշակում է նաև հին և ժամանակակից հայկական, պարսկական և այլ ժողովուրդների ստեղծագործություններ: Ունի բազմաթիվ նոր գործեր, որոնք դեռ չի ներկայացրել հանդիսատեսին: Արվեստագետը ստեղծել և ղեկավարել է Բեռլինի հայկական համայնքի երգչախումբն ու նվագախումբը։ Ինչպես նաև սիրված «Մագումա» ջազ-խմբի հիմնադիրներից է: Մասիս Առաքելեանն ընթացիկ տարվա սկզբին հիմնադրել և ղեկավարում է Բեռլինի նորաստեղծ հայկական կիրակնօրյա «Գիտելիք» դպրոցի մանկական երգչախումբը։ Ներկայումս համերգային շրջագայություններ է կատարում իր «Կռունկ» և «Երկխոսություն» ծրագրերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում