ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու ոտքից զրկված 70-ամյա չինացի ալպինիստ Սյա Բոյույը դարձել Է առաջին մարդն աշխարհում, որը Նեպալի կողմից բարձրացել Է Էվերեստի՝ աշխարհի ամենաբարձր լեռան գագաթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Նեպալի մշակույթի, զբոսաշրջության եւ քաղաքացիական ավիացիայի նախարարությունը:
«Երկու ոտքից անդամահատված չինացի թոշակառուն լեռան գագաթ Է հասել մայիսի 14-ին տեղական ժամանակով ժամը 8:40-ին: Նա դարձել Է երկու ոտքից անդամահատված առաջին մարդը, որը լեռնագագաթ Է բարձրացել հարավային կողմից»,-գործակալությանը հայտնել են բազային ճամբարում:
Մինչ այժմ երկու ոտքից անդամահատված միակ մարդը, որը նվաճել Է Էվերեստը, բայց տիբեթյան կողմից, եղել Է նորզելանդացի Մարկ Ինգլիսը: Նրան դա հաջողվել Է անել 2006 թվականին:
Սյա Բոյույը ոտքերից զրկվել Է ցրտահարության պատճառով 1975 թվականին դեպի Էվերեստ իր առաջին անհաջող արշավից հետո: Սակայն անհաջողությունը չի կանգնեցրել նրան: Նա փորձել Է գագաթը նվաճել 2014, 2015 եւ 2016 թվականներին, բայց իր նպատակին հասնելուն խանգարել են ձնակույտերի փլվելը, երկրաշարժը եւ եղանակային վատ պայմանները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: