ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության ոլորտի վրա ներքաղաքական զարգացումների կոնկրետ ազդեցության մասին դեռ վաղ է խոսելը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ պետական մարմինները դեռ պաշտոնական գնահատական չեն տվել:
«Զբոսաշրջությունը զգայուն ոլորտ է, հետևաբար ցանկացած իրադարձություն, անկայուն վիճակ կարող է ազդեցություն թողնել դրա վրա: Այո, այս օրերին կան չեղարկումներ, սակայն կան նաև դեպքեր, երբ շատերը եկել են երթերին ականատես լինելու համար: Ովքեր այս օրերին Հայաստանում են գտնվել, արժանացել են բարյացակամ վերաբերմունքի, և դա ընդհանուր մթնոլորտ էր: Դրան անդրադարձել են շատ օտարերկրյա լրատվամիջոցներ, դա խիստ դրական ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի, Հայաստանի իմիջի վրա: Սա չի կարող դրական առումով ազդեցություն չունենալ զբոսաշրջության վրա»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:
Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այդ չեղարկումների մասով չեն կարող գնահատական տալ, քանի դեռ չկա պաշտոնական վիճակագրություն: Նա տեղեկացրեց, որ այսօր էլ Հայաստանում են լրագրողներ տարբեր երկրներից, օրինակ՝ Լիբանանից, ովքեր շատ տպավորված են հայաստանյան խոհանոցով:
Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջությունը 16.1 տոկոս աճ է գրանցել: Ավելի քան 346 հազար զբոսաշրջային այցելություն է գրանցվել: Աճը ապահովող երկրներն են Ռուսաստանը, Վրաստանը, ԱՄՆ-ն, եվրոպական երկրները:
Մարտի 31-ին ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր «Քայլ արա» ակցիան Գյումրու Վարդանանց հրապարակից: Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլարշավը հասավ Երևան, նրանք փակեցին Ֆրանսիայի հրապարակն ու գիշերեցին այնտեղ: Հաջորդ օրերին շարունակվեցին քայլերթերը Երևանում: Ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց առանց բռնության, բաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Սկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներում: Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը:
Մայիսի 1-ին Ազգային ժողովում անցկացվեց ՀՀ վարչապետի ընտրություն, «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու էր առաջադրվեց Նիկոլ Փաշինյանը: Խորհրդարանը, սակայն, ձախողեց վարչապետի ընտրությունը՝ 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբ: Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ը հայտարարեց «տոտալ գործադուլի» օր, փակվեցին մայրաքաղաքի մի շարք մեծ ու փոքր փողոցները, Երևան եկող մայրուղիները, այդ թվում՝ օդանավակայանի խաչմերուկը:
Նույն օրը ՀՀԿ-ն հայտարարեց, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններին կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին, և այդ օրը ՀՀ-ն կունենա վարչապետ: Միաժամանակ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարեց, որ կպաշտպանի ժողովրդի թեկնածուին: Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդին ասաց, որ ժողովրդի թեկնածուն ինքն է, ու մայիսի 3-ին նրա թեկնածությունն առաջադրվեց ԱԺ-ում:
ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Երկրում ընթացող ակցիաներն ու ցույցերը կրել են բացառապես խաղաղ բնույթ՝ լինելով միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: ՀՀ վարչապետի ընտրությունը լուսաբանելու համար հավատարմագրվել էր մոտ 100 միջազգային լրատվամիջոց: