ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, ուղերձում նշված է.
«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Պետական գործչի Ձեր հարուստ փորձը և պրոֆեսիոնալիզմը արդի փուլում Հայաստանի առջև կանգնած բազմաչափ խնդիրների արդյունավետ լուծման գրավականն են:
Համոզված եմ, որ երկու երկրների միջև ձևավորված համագործակցության և փոխըմբռնման բարձր մակարդակը կապահովի հայ-բելառուսական կապերի հետագա զարգացումը և ամրապնդումը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:
Հարգելի՛ Սերժ Ազատի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություն Ձեր բոլոր գաղափարների և նախաձեռնությունների իրականացման գործում»: