Գառնու տաճարի մոտակայքում հյուրանոց կառուցելու ծրագիր չկա. ՀՀ մշակույթի նախարարություն
1 րոպեի ընթերցում
![Գառնու տաճարի մոտակայքում հյուրանոց կառուցելու ծրագիր չկա. ՀՀ մշակույթի նախարարություն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/929844.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը հերքում է Գառնու հեթանոսական տաճարի մոտակայքում հյուրանոց կառուցելու մասին լուրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀմշակույթինախարարիմամուլիքարտուղար ՌուզանԽաչատրյանը: «Այս պահի դրությամբ նման ծրագիր չկա»,-ասաց նա:
Գառնի համայնքի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանն էլ հավելեց, որ դրանք պարզապես խոսակցություններ են, որոնք շղթայական ձևով տարածվում են լրատվամիջոցների կողմից: «Մեզ ոչ մի կազմակերպություն շինարարություն անելու մասին հայտ չի ներկայացրել: Բնակիչների կողմից ևս բողոքներ չենք ստացել այս խոսակցության հետ կապված»,-ասաց Մարտիրոսյանը:
Զբոսաշրջության մասնագետ Վահե Լորենցը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Գառնու հեթանոսական տաճարի մոտակայքում հյուրանոցային համալիր կառուցելու խոսակցություններ են շրջանառվում: «Սա ընդամենը ընչաքաղցության և ագահության արդյունք է և որևիցե կերպ հիմնավոր չէ: Մի կարծեք, թե Ավստրալիայում կամ Արգենտինայում նստած մեկը Հայաստան չի գալու միայն նրա համար, որ Գառնու տաճարի մոտ չկա այդ հյուրանոցը: Եկողն էլ մեզ հայհոյելու է արժեքը ոտնահարելու համար»,-ասել է նա: